
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Օրենքի նախագծով ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից: Ֆիքսվել են նաև այն բնակավայրերը, որոնց մի մասն է պատերազմի հետևանքով բռնազավթվել Ադրբեջանի կողմից, նաև այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո դեռևս բնակեցված չեն:
Նախագծով իրավական հստակեցում է մտցվել նաև նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ: