ՊԵՏՔ Է ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱ ԵՎ ԴԵՄԱՐԿԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեսգիշերից Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային եւ մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է եւս մեկ անցակետ: Այս մասին երեկ տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայությունը: Նրանք հայտնել են, որ համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչեւ սույն տարեվերջ:

 

Երեք օր առաջ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը որոշել է Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող Էյվազլիի հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ադրբեջանում օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր են գանձվում իրանցի վարորդներից։

Հայաստանը նաեւ հայտարարել է, որ մենք նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրենք, իսկ այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին վարչապետը հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։ Ի վերջո, ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում, ի՞նչ անելիք ունի այստեղ ռուսական կողմը. այս հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձել է ստանալ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովից:

-Պարո՛ն Կոլերով, հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր են տեղադրվել Ադրբեջանի կողմից, եւ իրադրության սրման է գնում ադրբեջանական կողմը: Ի՞նչ սպասել այս իրավիճակում:

-Ադրբեջանը չի դադարեցրել եւ չի դադարեցնի Հայաստանի տարածքների փուլային էքսպանսիան եւ զավթողական քաղաքականությունը: Այս պահին նրանց նպատակը Զանգեզուրն ու Նախիջեւանի հետ տարածքային ամբողջականությունն է, որին էլ նրանք ցանկանում են հասնել:

-Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում ո՞րն է:

-Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ հատվածում պաշտոնական սահման չկա, այդ պատճառով այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի գործն է: ՌԴ-ն չի կարող պաշտպանել մի սահման, որը նույնիսկ ճանաչված չէ, դելիմիտացված ու դեմարկացված չէ: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Ադրբեջանի նկրտումները երբեք չեն ավարտվի, նրանք պատերազմ ցանկանում են, սակայն Հայաստանը դրան պատրաստ չէ: Պետք է արագ իրականացնել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց:

-Սակայն նշվում է, որ այդ գործընթացը երկարատեւ կարող է լինել:

-Կա՛մ պետք է երկկողմանի լինի այդ գործընթացը, կա՛մ էլ միակողմանի հնարավոր է սեփական ուժերով կահավորել այդ հատվածը: Կարեւոր է նաեւ Հայաստանի խորքում ճանապարհների կառուցումը, որոնք կարող են այլընտրանք լինել: Ինչ վերաբերում է դելիմիտացիային եւ դեմարկացիային, ապա նկատենք, որ Երեւանն անգամ պաշտոնապես ասում է, որ սահմանի պաշտոնական որոշման գործընթացը դեռ չի սկսվել եւ չի ընթանում: Ինչ վերաբերում է  3+3 ֆորմատին, որի մասին շատ է խոսվում, դա ընդամենը ուտոպիա է: Պետք է ժամ առաջ սկսել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ:

Ն.Հ.

 

 

 

ՊԱՊԻԿՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու հանգամանքին, նշում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը ողջունում է։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Կարապետյանը ՌԴ գեներալիտետի հետ սերտ կապեր ունի, որոշումներ կայացնելիս կարող է կաշկանդված լինել:

 

-Սուրեն Պապիկյանը, վարչապետի որոշմամբ, նշանակվեց պաշտպանության նախարար, Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտոնից: Ինչո՞ւ  հենց Սուրեն Պապիկյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

-Ես դա ողջունում եմ, որովեհետեւ նախ պառլամենտական համակարգում պաշտպանության նախարարը պարտադիր չէ բարձրաստիճան զինվորական լինի եւ զինվորական կենսագրություն ունենա: Դա քաղաքական պաշտոն է, որը պետք է զբաղվի կադրային քաղաքականությամբ: Չեմ կարծում, որ հետագայում մեր հայրենիքի սահմանների պաշտպանության որեւէ գոտում  կլինի այնպիսի իրավիճակ, որ միջին կարգի սպայական կազմը եւ իր ենթակայության տակ գտնվող մեր զինվորները չկատարեն իրենց պարտականությունները: Որովհետեւ Սուրեն Պապիկյանին կամ մեր թիմից նման առանցքային մեկին նշանակել պաշտպանության նախարար նշանակում է՝ ողջ պատասխանատվությունն ամբողջ խորությամբ թիմը կվերցնի իր վրա: Այդ իմաստով եթե նման բան լինի, միայն կողջունեմ՝ համոզմունք ունենալով, որ դրանից հետո ամեն ինչ կընթանա մեզ համար ավելի ընդունելի սցենարներով:

-Իսկ այդ սցենարները որո՞նք են, եւ ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը: Տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը եթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ պաշտպանական թեւում, նշանակում է իր մտերիմ անձնավորության, հետեւաբար մեզ նոր «անակնկալներ» են սպասվում:

-Ես անակնկալներ կսպասեի կադրային քաղաքականության՝ բանակաշինության մեջ, որովհետեւ այն սպայական բարձաստիճան կազմը, որ այսօր մենք ունենք, ըստ երեւույթին, իրենց գործելաոճը չի համապատասխանում արդի պահանջներին՝ աշխարհաքաղաքական, ռազմական եւ այլն: Մյուս կողմից էլ, գիտենք, որ հազարավոր շնորհալի զինվորականներ ունենք՝ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ եւ այլն, որոնք միշտ եղել են բարձրունքի վրա իրենց դիմաց առաջացած պարտականությունները կատարելիս, բայց չունենալով հովանավորյալներ՝ կարիերայի ընթացքում չեն աճել այնքան, որքան կարող էին: Նրանից կարելի է ընտրել մեր հրամանատարներին ու նշանակել համապատասխան պաշտոններին, որը կբերի մեր երկրի պաշտպանողականության զարգացմանը:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ      

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր: Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։ Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի՝ մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։ Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։

Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձեւաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետք»:

 

 

 

ԹՎԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում սկսել են շատ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին գրանցվել է ամուսնության 12 հազար 796 դեպք: Նախորդ տարի այս թիվը կազմել է 9038: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 3758-ով ավելացել են ամուսնության դեպքերը: Մեզ հայտնի դարձավ, որ ավելացել է նաեւ ամուսնալուծվող զույգերի թիվը: Պաշտոնապես մեր հանրապետությունում այս տարվա 9 ամիսներին ամուսնալուծության 3297 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ամուսնալուծվել է 2415 մարդ: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, թե որ մարզում են ամենաշատն ամուսնալուծվում: Բնականաբար, ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում. դրանց թիվը կազմում է 1860: Հաջորդը Կոտայքի մարզն է, որտեղ ամուսնալուծության դեպքերի քանակը կազմել է 262, բայց, մյուս կողմից, նշենք, որ Կոտայքում ամուսնացել է 1015 մարդ: Արմավիրում ամուսնալուծվել է 185, ամուսնացել՝ 1041 մարդ, Շիրակում ամուսնալուծվել է 171 մարդ, ամուսնացել՝ 808-ը: Նշենք, որ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է. այս մարզում ամուսնալուծվել է 220 մարդ, իսկ ամուսնացել՝ 924-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում ամուսնալուծվել է 87 մարդ, իսկ ամուսնացել՝ 452 մարդ, Սյունիքում ամուսնալուծության 92 դեպք է գրանցվել, իսկ ամուսնության դեպքերը 792 են կազմել: Գեղարքունիքում 101 մարդ է ամուսնալուծվել, 742 մարդ՝ ամուսնացել: Մասնագետները կարծում են, որ վաղ տարիքում ամուսնության դեպքերը, երբ կինն ու տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում եւ ինչ սպասումներ ունենան ապագա կողակցից, ժամանակի ընթացքում կարող են ապրել հիասթափություն: Մյուս կողմից՝ տղամարդկանց մեծ մասն ամուսնալուծությունից հետո բավականին հեշտությամբ է ամուսնանում 2-րդ, անգամ՝ 3-րդ անգամ, իսկ կնոջը Հայաստանում նման հնարավորություններ ավելի քիչ են ընձեռվում: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:

 




Լրահոս