Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է, թե ինչու է ազատել Արշակ կարապետյանին. «Որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, որն այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ եւ շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»:
Իսկ ի՞նչ է կատարվել ՊՆ-ում Արշակ Կարապետյանի պաշտոնի ազատումից հետո:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Կարապետյանի այս որոշումը անակնկալ է եղել Զինված ուժերի ողջ անձնակազմի համար, մասնավորապես՝ տեղեկությունը տարածվելուց հետո Զինված ուժերի ողջ անձնակազմը մեկը մյուսի հետեւից սկսել են զանգահարել միմյանց եւ հասկանալ, թե ինչ որոշում էր սա, եւ ինչու է Արշակ Կարապետյանը գնացել այդ քայլին:
Ավելին, ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ երբ Արշակ Կարապետյանը գնացել է Մոսկվա եւ վերադարձել է Հայաստան, Պն-ում խորհրդակցություն է եղել, ինչի ժամանակ Արշակ Կարապետյանը խոսել է հետագա պլանների մասին: Ասել է թե՝ ՊՆ-ում Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը չեն կապում Մոսկովյան այցի հետ: Ավելին՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՊՆ-ում կարծիք է հնչել՝ ոնց կարելի է 100 օրը դեռ չլրացրած նախարարին ազատել պաշտոնից:
Իսկ ի՞նչ են հայտնում կառավարության աղբյուրները:
Հայաստանի Հանրապետության կառավարության մեր աղբյուների փոխանցմամբ՝ Արշակ Կարապետյանի ազատումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա ՀՀ վարրչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չի զեկուցել սահմանում առկա իրավիճակը, ինչի արդյունքում իրադարձությունները այն աստիճան են լարվել ու ծավալվել, որ կառավարությունը որոշել է գնալ այդ քայլին՝ ազատելով Կարապետյանին պաշտոնից:
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի նախարարը սահմանում առկա իրավիճակի հետ, երբ գոյություն ունի Զինված ուժերի գլխավոր շտաբ՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի: Այս իրավիճակի միակ պատասխանատուն գլխավոր շտաբի պետն է, քանի որ նա է պատասխանատու սահմանին տիրող իրավիճակի համար:
Ի դեպ, Արշակ Կարապետյանը միակ պաշտպանության նախարարն է, որ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով գնացել էր Արցախ, եւ այս այցից 9 օր անց նա ազատվեց նախարարի պաշտոնից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԱՆՈՂԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Հաղթանակ թաղամասում ապագա փեսային սպանած տղամարդուն տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հաղթանակ թաղամասում ապագա փեսային սպանելու գործով կալանավորված տղային տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:
Ինչպես հայտնի դարձավ, նոյեմբերի 8-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանության գործով ապագա փեսային ենթադրյալ սպանողներից մեկը կալանավորվել է: Դատարանը փեսայի սպանության գործով զոքանչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը սպանված փեսայի հարսնացուին կալանավորելու մասով: Ստացվում է, որ այս պահին կալանավորվել է միայն աղջկա եղբայրը: Հիշեցնենք, որ, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր նշանած աղջկա տանն է եղել, եւ ընտանիքի անդամներով զրուցել են տարբեր թեմաներից: Զրույցի ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Արսեն Սիմոնյանի ապագա հարսնացուն հետաքրքրվել է, թե ով է այդ ժամին նամակ գրում: Արսեն Սիմոնյանը հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը եւ, առհասարակ, ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:
Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգերի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը: Այս տեսարանը տեսնում են հարսնացուի ընտանիքի անդամները եւ խառնվում են նրանց վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ վերջինս մահանում է: Ձերբակալվել են սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը եւ եղբայրը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետեւյալը. նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաեւ տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետեւանքով տղամարդը մահացել էր։ Մալաթիայի ոստիկանները 22-ամյա երիտասարդին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Նոյեմբերի 12-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են դեպքին մասնակցած անձանց ինքնությունները։ Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել 24, 26 եւ 22 տարեկան տղամարդկանց քրեական գործով մեղադրյալ ներգրավելու եւ ձերբակալելու մասին: Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 00.59-ին, 24 եւ 26-ամյա տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրանք ձերբակալվել եւ ներկայացվել են նախաքննական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է։
ՊԱՅԹՅՈՒՆԻ ԴԵՊՔՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից հայտնել են, որ, նախնական տվյալներով, 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ դեռեւս չպարզված տեսակի պայթուցիկ սարք է նետել Կոտայքի մարզի Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի է ունեցել պայթյուն, ինչի վերաբերյալ նույն օրը` ժամը 07:20-ին, հիշյալ բնակչի կողմից ստացվել է համապատասխան հաղորդում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առանձնատան բակում կայանված «Տոյոտա Լենդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաեւ առանձնատան խոհանոցի պատուհանի ապակիներին հայտնաբերվել են պայթյունի հետեւանքով առաջացած վնասվածքներ, իսկ գետնին՝ պայթուցիկ սարքի բեկորներ եւ պայթուցիչի լծակ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: