ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցիները զինված մոտենում են հայկական դիրքերին եւ զենքը հայ զինվորների վրա պահելով՝ հորդորում են թողնել դիրքերը։ Թեեւ այս մասին Պաշտպանության նախարարությունը որեւէ տեղեկություն չհաղորդեց, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ հայ զինվորին կրակելու հրաման չի տրվել ՊՆ-ից ու ԳՇ-ից, այդ պատճառով էլ թշնամին անարգել մոտեցել է հայկական դիրքերին։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ենթադրում է, որ հայկական կողմը սադրանքների չի տրվում իրենց տրամաբանությամբ ռազմական բախումներ չհրահրելու համար։ «Սակայն այստեղ խոսքը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման մասին, եւ այստեղ ռազմական բախումը չի կարող լինել պատճառ, որպեսզի մենք չկրակենք, այսինքն՝ չպաշտպանենք այն, ինչն ի պաշտոնե տրված է ՊՆ-ին եւ ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ։ Այստեղ ես ուզում եմ խոսել ոչ միայն չկրակելու մասին, այլեւ պետք է խոսել նրա մասին, թե ինչու թիկունքում չկա համապատասխան ստորաբաժանում, որպեսզի օժանդակ օգնություն ցուցաբերի։ Ենթադրում եմ, որ մեր տղաները չեն կրակել, քանի որ վստահ են եղել, որ թիկունքից իրենց օգնության չեն հասնի, եւ իրենք կա՛մ գերի կընկնեն, կա՛մ կզոհվեն։ Մենք պետք է նաեւ այս տեսանկյունից դիտարկենք, թե ինչու թիկունքում չկա օժանդակ ստորաբաժանում, որը կկարողանա աջակցություն ցուցաբերել դիրքում կանգնած մեր տղաներին»,- նշել է Կարեն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքում թշնամու տեղադրած մաքսակետերին եւ Գեղարքունիքում հրահրած սադրանքներին եւ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին հայտարարություններին, Կարեն Հովհաննիսյանն ասել է, որ, ցավոք, այսօր Հայաստանը չի գտնվում այնպիսի վիճակում, որպեսզի դառնա նախաձեռնող կողմ եւ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացի։ Այսինքն՝ ՀՀ-ն չի կարող «խաղաղության դարաշրջան» բացել, քանի որ չունի որեւէ տեսակի լծակներ եւ առհասարակ գործունյա քայլեր չի կարող կատարել, բացի թշնամու կողմի պահանջները կատարելուց։

«Սյունիքում մաքսակետեր տեղադրելով՝ թշնամին նպատակ ունի շրջափակման մեջ վերցնել տարբեր գյուղեր՝ լավ հասկանալով, որ մաքսակետ տեղադրելուց հետո այդ ճանապարհներով հայերը չեն երթեւեկի։ Մինչդեռ Ադրբեջանը միջազգային հարթությունում իրեն ապահովագրում եւ ասում է, որ ճանապարհը չի փակել, այլ պարզապես մաքսակետ է տեղադրվել։ Այո, ադրբեջանական մաքսակետը տեղադրված է ՀՀ սուվերեն տարածքում, եւ բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանը պետական մակարդակով հայտարարել է, որ այդ տարածքներն ադրբեջանական տարածքներ են։ Այսօր որքան էլ մենք ասենք, որ դրանք հայկական տարածքներ են, միեւնույնն է, արդեն պետական մակարդակով հայտարարվել է, որ դրանք ադրբեջանական են։ Այստեղ թշնամին օգտվել է հենց այդ հայտարարությունից»,- հավելել է ռազմական փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանին ձեռնտու չէ ռազմական ճանապարհով որեւէ հարց լուծել, սակայն առաջացած խնդիրները հնարավոր է միջազգային հարթությունում լուծել իրավական ճանապարհով։

«Հայկական կողմը միջազգային հարթությունում կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար, ինչը, ցավոք, չի արվում։ Պատերազմի ակտիվ փուլից հետո, բազմիցս եմ ասել, որ մենք Ալիեւի համար կարող ենք ստեղծել բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ռազմական հանցագործություններից մինչեւ ագրեսիա սուվերեն պետության նկատմամբ։ Այսինքն՝ այս փուլում մենք ամեն ինչ պետք է տեղափոխենք իրավական դաշտ, մինչեւ կարողանանք ռազմականապես ոտքի կանգնել։ Հայաստանն այս պահին նման բան չի անում եւ նույնիսկ գերիների խնդիրներով պաշտոնապես չի դիմում միջազգային կառույցներին, փոխարենը դիմում է միջնորդ կողմերի»,- եզրափակել է Կարեն Հովհաննիսյանը։

Ն. Պ.

 

 

ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված  միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել եւ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։

Պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը հիմնադրամի կողմից 2021թ.  հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021թ. սեպտեմբերին։

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021թ. նոյեմբերի 12-ին՝ պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա եւ կաշառք տված անձը բռնվել եւ բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը եւ նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։

 

 

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ՝ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ

Իջեւան քաղաքում՝ Հայ առաքելական եկեղեցու՝ Տավուշի առաջնորդարանի նորակառույց մեծ շենքի առաջ, ՀՀ պետական  դրոշի,  Հայ առաքելական եկեղեցու  եւ Տավուշի թեմի դրոշների  հետ ծածանվում է նաեւ Արցախի դրոշը։ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը մի քանի օր առաջ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում խաչքարի օծման արարողության ժամանակ հայտարարել է. «Մեր երազները կապված պիտի լինեն հայրենիք վերադարձնելու հետ, արժանապատվությամբ ապրելու հետ, հայի նկարագիրը, որի մեջ կեղծիք ենք դրել, սուտ ենք դրել, ինքնաարդարացում ենք դրել, այս նկարագիրը մաքրելու հետ, մեր եղբայրության հետ, մեր՝ մեկ տեսիլք ունենալու հետ, մեկ հայացք, մեկ սեր, մեկ աղոթք, մեկ հավատք, մեկ ճանապարհ, մեկ տուն ունենալու հետ։ Սա է մեր տղաների պատգամը։ Ես ամեն օր իրենց այդպես եմ լսում»:

 

 

 

ՎԱՏ ԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Օրեր առաջ՝ առավոտյան, Դիլիջանի թունելի մոտ՝ Տավուշի մարզի տարածքում, ավտոմեքենաների մեծ խցանում էր։ Մերկասառույցի պատճառով ֆուռերը ճանապարհի աջ եւ ձախ կողերում մնացել, լռվել էին, մեծ բեռնատարների կորպուսի մի մասը փակել էր ճանապարհի երթեւեկելի մասը։ Ցածր անցողունակություն եւ մաշված անվադողեր ունեցած մարդատարները սառույցի վրա տեղապտույտ էին անում։ Ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հայտնվեցին ճանապարհաշինական ընկերության 2 բեռնատարներ, որոնց թափքից  բանվորները աղի ու ավազի խառնուրդ շաղ տվեցին։ Խցանման պատճառով Երեւան-Իջեւան երթուղու  «Գազել»  միկրոավտոբուսը մոտ կես ժամ լռվեց մնաց Դիլիջանի թունելի մուտքի մոտ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղղեկություններով՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը սպասարկում է Դիլիջանի ճանապարհաշինական  «Հաղարծին»  ընկերությունը։

 

 

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ՝ 3 ՍՊԱՆԴԱՆՈՑ

Տավուշի մարզպետ Հայկ Ղուլարյանին գրավոր հարցրել եմ, թե 2020 եւ 2021 թվականներին Տավուշի մարզում անասունների մորթի համար քանի սպանդանոցներ են գործարկվել։ Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է, որ  Տավուշի մարզում 2020 թվականի ընթացքում նոր սպանդանոցներ են գործարկվել մարզի Բերդ համայնքի Բերդ քաղաքում  եւ Գետահովիտ համայնքում, իսկ մինչեւ 2021թ.  դեկտեմբեր ամիսը նախատեսվում է  սպանդանոց գործարկել Բերդ համայնքի Նավուր բնակավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս