Հայաստանի Հանրապետությունը երեկ դիմեց Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Երկու երկրների միջեւ 97թ.-ին կնքված «Բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագրի» 3-րդ հոդվածի համաձայն` «կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար եւ կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական»: Պայմանագրի երկրորդ հոդվածում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք համատեղ պաշտպանության ապահովման եւ խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձեւերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»: Իսկ երրորդ հոդվածում էլ ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար եւ կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով»: Նկատենք՝ մայիսին, երբ ադրբեջանական զորքերը մուտք գործեցին Հայաստանի տարածք, դիմում էր եղել ՀԱՊԿ-ին, սակայն հետագայում օգնությունն անարդյունավետ էր դիտարկվել: Իր հերթին արտգործնախարարությունը, նշելով, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների, կոչ է անում միջազգային գործընկերներին ՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը «հստակորեն եւ հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին եւ քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման ուղղությամբ»:
Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ թեկնածուի փնտրտուքը երկար չի տեւել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգ է առել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա։ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտը տապալած նախարարին, փաստորեն, պետության համար խիստ առանցքային պաշտոն է վստահվում։ Կրթությունն ու մշակույթը, իհարկե, ոչ պակաս ռազմավարական նշանակության ոլորտներ են, բայց մի այլ բան է նախարարություն, մեկ այլ բան՝ տնտեսություն ու պետություն կառավարելը։ Փաշինյանի կադրային քաղաքականության վրա զարմանալ իհարկե պետք չէ, պարզապես սա եւս մի ապացույց է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կադրերի լրջագույն խնդիր ունի, իսկ պաշտոններ բաժանելիս առաջնորդվում է ՀՀՇ-ի հայտնի՝ «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքով։
Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեքը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը դատարանը կիրակի օրը բավարարել է: Սակայն այս պատմության մեջ կան բավականին ուշագրավ հանգամանքներ , ինչը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս: Մասնավոապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 11-ի գիշերը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի հետ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ է եղել նաեւ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Լուրեր կան, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին, ու չկարողացանք իմանալ՝ եղել է արդյոք Տույի հետ Քանաքեռում դեպքի օրը եւ ինչու: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը չէր մասնակցում երեկվանից մեկնարկած Ազային ժողովի քառօրյա աշխատանքներին:
Հայաստանում ցեմենտի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ ցեմենտի մեկ տոննան թանկացել է 2000 դրամով: Շինարարները փոխանցում են, որ 50 կգ ցեմենտի պարկի գինը 2500 դրամից դարձել է 2650 դրամ: Շինանյութի որոշ կետեր կան, որտեղ հայկական արտադրության 50 կգ-անոց ցեմենտը վաճառվում է 2800-3000 դրամով: Բացի այս, բարձրացել է նաեւ իրանական արտադրության ցեմենտի գինը՝ 2900 դրամից դառնալով 3000, 3200 դրամ: Մասնագետները ցեմենտի թանկացումը կապում են ոչ միայն բեռնափոխադրումների գների բարձրացման, այլեւ պահանջարկի ավելացման հետ: Սրան նպաստել է կառավարության որոշումը, ըստ որի՝ Երեւանում եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը դադարեցվելու է: Այս որոշումից հետո Երեւանում շինարարությունը բավականին ակտիվացել է: