ԻՆՉՈ՞Ւ ՄՈՍԿՎԱՆ ԽԱՌՆՎԻ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՄԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Հայաստանը դիմեց  Ռուսաստանի Դաշնությանը երկու երկրների միջեւ գոյություն ունեցող 1997 թվականի գործող պայմանագրի համաձայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:  Սահմանային լարվածությունը երեկ գագաթնակետին էր հասել, սակայն տվյալներ այն մասին, թե որքան են զոհերի, վիրավորների եւ գերիների թիվը, դեռ հայտնի չէ: Երեկվա պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի 12 զինծառայող՝ 7 պայմանագրային եւ 5 ժամկետային, գերեվարվել են։

 

Սահմանային լարված իրավիճակը մի քանի օրերի արդյունք է. նախ՝ նոյեմբերի 10-ի երեկոյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անակնկալ կերպով հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ գիշերը՝ 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային եւ մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կձեռնարկի:

Օրեր առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձ է կատարել։ Հայտնել էին, թե ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել, որը դադարել է, բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Երկու գերատեսչությունները, ի դեպ, հակասություններով էին տրամադրել տեղեկատվությունը:  Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ նոյեմբեր 15-ին՝ կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային եւ մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ: Երեկ արդեն իրավիճակն ավելի լարվեց:

Ի դեպ, ադրբեջանական կողմը ՀՀ ինքնիշխան տարածք էր ներխուժել Սեւ լճի հատվածում դեռեւս մայիսի 12-ին, կրկին առանց զենքի գործադրման, եւ այդ ուժերը շարունակում են ծավալված մնալ ՀՀ տարածքում:

Սահմանում ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխին:

-Ինձ համար անհասկանալի է՝ ինչու հայկական զորքը, զինվորները չեն դիմադրում: Բացարձակ անհասկանալի է, թե ինչն է նրանց խանգարում դա թույլ չտալ։ Եթե ձեր իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, ապա ինչո՞ւ նրանք բավարարվեն միայն Ղարաբաղով եւ չտան, ասենք, Նախիջեւանի միջանցքը: Ի՞նչ պատճառ կա զարմանալու:

-Երեկ սահմանին տեղի ունեցածն ակտիվ փոխհրաձգություն է: Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում:

-Որեւէ սցենար բացառել չի կարելի: Ոչինչ պետք չէ բացառել, քանի որ կապիտուլիստական քաղաքականություն է վարվում: Այդ քաղաքականությունը ՀՀ իշխանությունների կողմից արդեն մեկ տարի է, ինչ վարվում է:

-Իսկ ի՞նչ սպասել Մոսկվայից:

-Ինձ համար բարդ է ասել՝ ինչ են մտածում Կրեմլում, բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել եւս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում: ՌԴ-ին ոչ ոք ոչինչ պարտք չէ, եւ ոչ ոք կատեգորիկ կերպով ոչ ոքի չի պատրաստվում պաշտպանել, որովհետեւ դա որեիէ մեկին պետք չէ: Եթե Դուք դիմադրում եք, ակնհայտ է՝ Ռուսաստանն ինչ-որ բան կանի, բայց եթե չեք դիմադրում, ապա ինչո՞ւ պետք է ավելին անի: Եթե  այսպես շարունակվի, Ադրբեջանը լուռ եւ խաղաղ կերպով կկարողանա հասնել իր երազած միջանցքին՝ զուգահեռաբար լուծելով սահմանազատման-սահմանագծման, ինչպես նաեւ իր համար ապաշրջափակման հարցում կարեւոր խնդիրները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԿՎԵԼ Է

Ինչպես  հայտնի  է, 2021թ.  օգոստոսի 24-ին եւ 25-ին՝ ԱԺ-ի հայտնի միջադեպի ժամանակ, հարվածի հետեւանքով վնասվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը, եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Պարզվել էր, որ  Նազարյանի  աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, սակայն ՀՔԾ-ն այս միջադեպով քրեական գործ չհարուցեց: 2021թ.  փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Վերջինս պատմել էր, որ փողոցում հայհոյանքներ են հնչեցրել։ Սակայն Ասլանյանի հետ միջդեպի մասնակից երիտասարդը ոստիկաններին ցուցմունք էր տվել եւ հերքել էր, որ ԱԺ-ի պատգամավոր Հ. Ասլանյանին հարվածել է: Ինչեւէ,  մեղադրյալի  աթոռին է հայտնվել Հակոբ Հովհաննիսյանը, որին  նախաքննական մարմինը  մեղադրանք  է  առաջադրել, որ նա, 2021թ. փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա 19 շենք հասցեում գտնվող ՀՀ ԱԺ-ի դիմաց՝ փողոցի երթեւեկելի մասում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով փողոցով անցնող անցորդների նկատմամբ, անտեսելով բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին: Այդ ընթացքում այդտեղ գտնվող նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիտողություն է արել Հակոբ Հովհաննիսյանին եւ փորձել կարգի հրավիրել վերջինիս, սակայն Հակոբ Հովհաննիսյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Հակոբ Ասլանյանի աջ այտին: Խուլիգանական բնույթի գործողությունները դադարել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում: Եվ, ահա, Armlur.am-ին Աժ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտնեց, որ դատարանը  հրապարակել  է վճիռ:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արման Հակոբյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, Կոլումբիայի Հանրապետությունում եւ Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով։ Երեկվա, ինչպես եւ նախորդ մի քանի նիստերը չեն կայացել: Արմեն Գեւորգյանի փաստաբանները ներկա չեն եղել: Ալեքսանդր Կոչուբաեւը դատարանին տեղեկացրել է, որ զբաղված է մեկ այլ դատավարությունում, Լուսինե Սահակյանն անառողջ է։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ին։

 

 

ՓԱՅԼԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Halk Tv-ի եթերում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին։ Կարո Փայլանն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիայում իրենց կուսակցությունը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից հետո մեծությամբ երրորդն է։ Նա առաջարկել է ընդդիմադիր թեւին ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել Էրդողանին հաղթելու համար։ Կարո Փայլանը, խոսելով Ստամբուլի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի տարած հաղթանակի մասին, շեշտել է, թե ինչպես Ստամբուլը չթողեցին ֆաշիստներին, այնպես էլ  պետք է հաջորդը երկրի ղեկավարումը չթողնել ֆաշիստներին։ Փայլանի այս խոսքերը արձագանք են գտել Թուրքիայում, քանի որ փաստացի Էրդողանի իշխանությանը համեմատել է ֆաշիստների հետ։

 




Լրահոս