2018-ից 2021թթ. ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզպետարանի կողմից ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական եւ մասնագիտական հսկողության, հետագայում դրանց արդյունքների կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանությունում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ մարզի Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին տեւականորեն բազմաթիվ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Դատախազությունից հայտնում են, որ դրանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել եւ քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործ:
Մասնավորապես, քրեական գործերից մեկով տվյալներ են ձեռք բերվել, որ Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ենթակայությամբ գործող «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի «Գազի ստորգետնյա պահպանման կայանի» անվտանգության գոտիներում` Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողամասերում, ՀՀ կառավարության 26.05.1998թ. համապատասխան որոշումներով արգելվել է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ինչպես նաեւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինթույլտվության տրամադրումը:
Մինչդեռ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, իր պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքների նկատմամբ սահմանափակումների բացակայության վերաբերյալ գրավոր տեղեկանքներ է տրամադրել թվով 15 քաղաքացիների, ովքեր դրանց հիման վրա ստորգետնյա գազի հորի, դրանց կապող բարձր ճնշման գազուղիների անվտանգության գոտիներում կառուցվել են շինություններ, կառուցված ինքնակամ շինություններն ու տարածքները սեփականաշնորհել են:
Պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով, չնայած այն հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք: Ընդ որում՝ գործող համայնքապետի պաշտոնավարման ընթացքում՝ 2012թ. փետրվարին, համայնքի ավագանու որոշմամբ ջրային այդ հողամասի նպատկային նշանակությունը օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հողամաս: Մեկ այլ գործով 2013-2016թթ. աճուրդ-վաճառքով օտարվել է տարբեր չափերի գյուղատնտեսական կամ բնակավայրերի նշանակության թվով 10 հողամաս, որոնց մի մասի չափերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին: Առանձին դեպքերում աճուրդի փաթեթից բացակայել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, աճուրդների կազմակերպման համար տրված հայտարարության մեջ չի նշվել օրենսդրությամբ սահմանված՝ աճուրդի անցկացման ձեւի եւ այլ լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն: Հողատարածքների մի մասը աճուրդներով օտարվել է համայնքի ղեկավարի որդիներին:
Պարզվել է, որ աճուրդ-վաճառքի հայտերի գրանցման մատյանում առանձին անձանց անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծվել են: Համայնքի ղեկավարի որդիների հետ աճուրդ-վաճառքին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների վերաբերյալ կատարված ստուգմամբ պարզվել է, որ հայտ ներկայացնելու օրը նրանցից ոմանք բացակայել են ՀՀ-ից: Աճուրդներն անցկացվել են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից:
Մեկ այլ քրեական գործի շրջանակներում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն դեռեւս 2015թ. հոկտեմբերին համայնքի միջոցներով ծառայողական նպատակով ձեռք բերված եւ իրեն վստահված թանկարժեք բջջային հեռախոսը որոշ ժամանակ անց տվել է որդուն՝ այդկերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը: Ապա հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով դրանից շուրջ մեկ ամիս անց, խախտելով օրենսդրության պահանջները, հաստատելով համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտ, որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք, ի թիվս այլոց, նշված հեռախոսը դուրս է գրել համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդկերպ կատարելով պաշտոնեական կեղծիք: Այս քրեական գործով համայնքի ղեկավար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել, դատախազության կողմից նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, որով դատական քննությունը նախնական փուլում է:
ԿԱՇԱՌՔ՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ ՉՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված քննության արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ.-ն 2020թ. սեպտեմբերից մինչեւ 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում դրսեւորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ:
Հ.Դ.-ն մի շարք քաղաքացիներից պահանջել եւ ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու եւ այլնի համար, որպիսի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման եւ զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
Հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում եւ 2021 թ. նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
«Առաջին ատյանում չգտնելով դատավորներ, որոնք կկատարեն հրահանգը, վերաքննիչում եւս չգտնելով դատավորներ, որ կկատարեն հրահանգը, վերաքննիչում գտնվել է բոլորիս հայտնի մի թափթփուկ, որը որեւէ հիմք ու հիմնավորում չի պահանջում անգամ մեղադրող կողմից, այլ ունի պարզապես հրահանգներ կատարելու շատ հստակ մեխանիզմ»,- Ազգային Ժողովում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իր հոր՝ Արա Մկրտչյանի կալանավորմանը, որը եղել է Քասախի համայնքապետ: «Հայրս ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը այդ քաղաքական պատվերների մեջ: Դրա նպատակը նաեւ իմ գործունեության կասեցումն է: Իմ ծնողների պես մտածող մարդիկ, որոնք առաջին իսկ օրվանից մտածել են, որ սրանք դավաճան են, եւ նոյեմբերի 9-ից հետո հայրիկս հայտարարել է, որ էս անձի պաշտոնավարումը խայտառակություն է մեր պետության համար, իհարկե, իրենք պետք է այդ մանրախնդիր վրեժխնդրության հետ կապված գործողություններ կատարեին: Իրենց գործիքակազմը սպառվում է, եւ սպառվում է նաեւ ազդեցությունն այդ գործիքկազմի: Իմ գործունեության մեջ որեւէ փոփոխություն չի լինելու, ես երբեւէ չեմ մտածել, որ դավաճանների ու անհայրենիքների դեմ պայքարելը հեշտ է լինելու»,- ասել է նա:
ԱՆԱՍՆԱԳՈՄՈՒՄ ԿԱԽՎԵԼ Է
Նախօրեին՝ ժամը 05:15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում՝ անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված: Դատաբժշկի նախնական եզկակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր: Նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:
ՆՈՐ ԿԱՐԳ
Դեկտեմբերի 1-ից ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կգործի նոր կարգ։ «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մեր երկիր ժամանելիս պարտադիր պետք է ունենան Covid-19 բացասական պատասխանով ՊՇՌ թեստ: Վերջիններիս համար օդանավակայանում թեստավորման հնարավորությունը կհանվի: