ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ՝ ՌԴ-Ն ՉԻ ՀԱՊԱՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասում է, որ Ռուսաստանից ավելի օպերատիվ գործողություններ է ակնկալում, որպեսզի ուրիշ գործընկերների փնտրտուքի կարիք չզգացվի։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՌԴ-ն ոչ թե հապաղում է մեզ օժանդակել, այլ ինքն էլ խնդիրներ ունի:

 

Ինչպես հայտնի է, Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դեռ բանավոր ընթացակարգով դիմել  է ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագիրը։ Հայաստանի արեւելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երեւանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, Դուք բավական կոշտ ելույթ ունեցաք՝ ՌԴ դիրքորոշման հետ կապված: Ինչո՞վ էր դա պայմանավորված, եւ Ձեր ելույթից հետո ի՞նչ արձագանքներ եղան:

-Ես չէի ցանկանա արձագանքները կապել ելույթի հետ: Դուք եւս համոզվեցիք, որ զինադադար հայտարարվեց: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք այս ընթացքում նախապատրաստվել նման սադրանքների, մեր բանակը իրեն լավագույնը դրսեւորեց, երեւի որոշների համար անսպասելի: Շարունակելու ենք ամրապնդել մեր բանակը: Մեր հետ ուժի լեզվով խոսելը պետք է բացառվի:

-Դուք շեշտադրել էիք, որ եթե ՌԴ-ն մեզ անհրաժեշտ պահին օգնության չի հասնում, ապա մենք կարող ենք այլ համագործակցությունների մասին խոսել: Սրա հիմքում ի՞նչն էր:

-Այդ խոսքերի հիմքում այն էր, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջից ակնկալում ենք ավելի օպերատիվ գործողություններ եւ հուսով ենք, որ այդպես էլ կլինի, եւ կարիք չի լինի գործընկերների փնտրտուքի: Միեւնույն ժամանակ մեր ռազմավարական հարաբերությունները չպետք է բացառեն մեր այլ շփումները այլ գործընկերների հետ: Կա անվտանգության որոշակի համակարգերի հասկացություն, եւ մի պետություն չի կարող լինել մի քանի համակարգերի անդամ: Համագործակցությունը, շփումները, ճկունությունը միշտ էլ կա:

-ՌԴ-ն հապաղո՞ւմ է մեզ օգնելու հարցում:

-Գիտեք, ոչ թե հապաղում է, այլ խնդիրներ կան նաեւ ՌԴ-ում: Այնպես չէ, որ նրանք խնդիրներ չունեն, օրինակ, Բելառուսի կամ Սիրիայի հետ: Բոլոր դեպքերում մենք եւս շահագրգռված ենք, որ ՌԴ-ն կարողանա ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, եւ այս իրավիճակը հանգուցալուծվի:

-Երեկ, սակայն, այն տրամադրությունն էր տիրում, թե այլ աջակիցներ եք փնտրելու, եթե ՌԴ-ն հապաղի:

-Ես կարծում եմ, որ այդ հապաղումը ՌԴ-ի մոտ բնավորություն չի դառնա: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, ես կարծում եմ՝ մեր բանակը ճիշտ վարվեց, որ պատասխանեց: Մենք պետք է շարունակենք մեր քայլերը երկու ուղղությամբ՝ մի կողմից՝ խաղաղություն ենք ուզում հաստատել, մյուս կողմից՝ պետք է բացառենք Հայաստանի հետ ուժային դիրքերից խոսելը: Պետք է հզորացնենք, ուժեղացնենք բանակը, որը ժամանակ է պահանջում: Ինչ վերաբերում է երեկվա սուր ելույթներին, ապա իրավիճակն էր այդպես թելադրում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՄՈՍԿՎԱՅԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Երեւանը Մոսկվայից դիվանագիտական եւ ռազմական օգնություն է ակնկալում, Մոսկվայում ընթացող ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, ըստ ռուսական «Կոմերսանտի», հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, թե նախապատրաստվում է Երեւանի գրավոր դիմումը Մոսկվային։ Երեկ հենց Գրիգորյանն էր հայտարարել, թե Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դեռ բանավոր ընթացակարգով դիմում է ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագիրը։

 

«Այժմ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փոխադարձաբար օգնել միմյանց նման դեպքերում։ Այս առումով մենք դիմեցինք Ռուսաստանին»,-ասել է Արմեն Գրիգորյանը: Ճշտող հարցին, թե Երեւանը Մոսկվայից ինչպիսի օգնություն է ակնկալում՝ ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական, Գրիգորյանն ասել է, որ կողմ է խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծմանը, բայց եթե դա անհնար լինի, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Հայաստանի արեւելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երեւանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

«Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն խնդիրը չլուծվեց, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում»,-ամփոփել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հղում անելով խորհրդային տարիների քարտեզներին։ Արմեն Գրիգորյանն ասել էր, թե Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, սակայն Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաեւ այլ գործընկերներին դիմելու սցենարը։

ՌԴ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ առայժմ մանրամասներ չկան մասնակիցների ելույթներից։ Նշվում է միայն, որ հանդիպմանը մասնակցում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Միեւնույն ժամանակ «Կոմերսանտի» աղբյուրը հայտնում է, որ ԱՊՀ ԱԽ ղեկավարների հանդիպման շրջանակում նախատեված չէ որեւէ շփում Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարների միջեւ։

Ն. Պ.

 

 

ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 9 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 21 հազար 284 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 23 հազար 674 մարդ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն Covid-19 վիրուսից հունվար-սեպտեմբերին մահացել է 2961 մարդ, նախորդ տարի այդ թիվը կազմել է 1070: Պաշտոնապես այս ցուցանիշն աճել է 2.8 անգամ: Բայց նշենք, որ տարեվերջին այս թիվը փոփոխվելու է, որովհետեւ վերջին շաբաթներին Քովիդից մահվան ցուցանիշները բարձր են եղել: Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում COVID-19-ով հավանդացության նվազման միտում կա, մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները դեռեւս շարունակում են պահպանվել։

Իսկ մինչ Քովիդը, արձանագրենք, որ Հայաստանում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, եւ այս ցուցանիշը, որքան էլ ցավալի է, բայց տարեցտարի աճում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 9 ամիսներին մահացել է 11 հազար 165 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այս թիվն ավելացել է 508-ով: Այսինքն՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին սրտանոթային հիվանդություններից մահացել է 11 հազար 673 մարդ: Փաստորեն, գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած մահվան պատճառների ցուցակի՝ երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որոնց մեջ մեծ մաս են կազմում չարորակները. մեր երկրում նորագոյացություններից մահացել է 3991 մարդ: Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացել է 4050 մարդ:

 

 

ԿԱԴԻԼԱԿ ՍԵՐՈԺԻ ՏՈՒՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Նախօրեին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել են Շենգավիթի նախկին թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանի՝ հանրությանը առավել հատնի Կադիլակ Սերոժի բնակարան եւ թալանել տունը: Նրա տանից գողացել են նաեւ այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգեւատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։

 

 




Լրահոս