ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԹՈՒԼԱՑԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, ինչպես Վրաստանը, դարձել է Անդրկովկասի այն երկրներից մեկը, որտեղ միշտ ինչ-որ բան տեղի է ունենում։ Դա պայմանավորված է այն բանի հետ, որ պարտվելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմն Ադրբեջանին, սակայն հաղթելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանության կայուն մեխանիզմներ ստեղծել։ Եթե 18 թվականին նրան հաջողվեց կենտրոնացնել «ժողովրդին» եւ հասնել նախկին վարչակարգի հրաժարականին, ապա հիմա նրա դեմ կենտրոնացված է էլիտայի մեծ մասը, որը ի վիճակի չէ զանգվածային ցույցեր կազմակերպել, սակայն կարող է ագրեսիվ քաղաքական-հոգեբանական մթնոլորտ ձեւավորել, երբ օրինական ճանապարհով իշխանափոխությունը բարդ է կամ բացառված, քանի որ Փաշինյանի կուսակցությունը ունի մեծամասնություն պառլամենտում, իսկ մնացած ձեւերը պայքարի ստեղծում են միայն նախահիմքեր քաղաքական ճգնաժամի համար։

 

Արդյունքում Հայաստանի քաղաքական կառույցները չափազանց թուլացած են, եւ Փաշինյանը դժվարությամբ է գտնում թեկնածուներ նախարարական պաշտոնները զբաղեցնելու համար։ Նրա հիմնական կադրային ռեզերվը սեփական խորհրդականներն են, ինչպես նաեւ մարդիկ, որոնք Հայաստանից բացակայել են երկար ժամանակով։ Ահա թե ինչու գործնականում ամեն մի կադրային որոշում, որն ունի նշանակալի նշանակություն, կարված է պատերազմում պարտության կամ այդ պարտությունն ինչ-որ նոր նախագծերով չեզոքացնելու կամ փոխհատուցելու կարողության բացակայության հետ։ Օդում թեւածում է «դավաճանության սինդրոմը», որը նախկինում վերագրվում էր միայն «հին իշխանությանը», իսկ հիմա այն Փաշինյանին է նաեւ պարուրել։

Դրան գումարվում է նաեւ պետական կառավարման համակարգում ոչ կոմպետենտությունը։ Հերթական օրինակը չորս ամիս միայն պաշտոնավարած Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատումն է եւ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի նշանակումն այդ պաշտոնում։ Սա արդեն երրորդ պաշտպանության նախարարն է Հայաստանում, որ նշանակվում է վերջին մեկ տարվա ընթացքում։ Եւ մշտապես կադրային փոխատեղումները ռազմական նախարարությունում տեղի են ունենում հերթական հայ-ադրբեջանական սահմանային սրացման ֆոնին։

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կարապետյանի պաշտոնանկությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերլուծվել են վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Ժամանակին, ինչպես հիշատակում է Ստանիսլավ Տարասովը, Կարապետյանը տուժել է հին էլիտաների ձեռքից. այն ժամանակ՝ 16 թվականի ապրիլին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց ԳՇ հետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնից քառօրյա պատերազմից հետո, որ տեղի ունեցավ Ղարաբաղում։ Իսկ դրանից ավելի վաղ էլ Կարապետյանը ռազմական կցորդի պաշտոնն է զբաղեցրել Մոսկվայի հայկական դեսպանությունում։

Հիմա պաշտոնանկության պատճառ է դարձել փոխհրաձգությունը արեւելյան հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ավելի ուշ, ինչպես հայկական մամուլում են գրում, ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած փորձն է դիրքերը բարելավել՝ ի հաշիվ Հայաստանի տարածքի։ Առաջնագծում տեղի ունեցած զարգացումների մասին ընդհանուր պատկերացում կազմելը բավական բարդ է։ Միջադեպը տեղի է ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, եւ Երեւանն ու Բաքուն տարբեր կերպ են մեկնաբանում, իսկ Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որ կարող էր առարկայական տեղեկություններ հաղորդել, այս դեպքում դեռ լռում է։

Հայկական էլիտան, եթե փաստն արձանագրենք, չափազանց ցավոտ կերպով է արձագանքել Կարապետյանի պաշտոնանկությանը հատկապես, երբ դա իրականացվեց՝ պաշտպանական ոլորտում եղած խնդիրների համար նրան քավության նոխազ դարձնելով։ Մի քանի վարկածներ առաջ քաշվեցին. դրանցից մեկի համաձայն՝ նախօրեին Բաքուն եւ Երեւանը Մոսկվայի միջնորդությամբ պետք է ստորագրեին նոր համաձայնագիր, որը վերաբերելու էր հայ-ադրբեջանական պետական սահմանի դեմարկացիային եւ դելիմիտացիային։

Ն. Պ.

 

 

ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՉՎԵՐԹՆԵՐ

Հունգարական WizzAir բյուջետային ավիաընկերությունը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր Հռոմ (Ֆիումիչինո)-Երեւան-Հռոմ (Ֆիումիչինո) երթուղով: Ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել շաբաթական 2 չվերթ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, իսկ մեկ ուղղության ավիատոմսի արժեքը կկազմի 19.99 եվրոյից կամ 11 հազար դրամից սկսած: Նշենք, որ հունգարական այս ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մտնելու մասին լուրը հայտնի դարձավ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին: Նույն տարում գործող իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին նաեւ մյուս՝ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին: Հանրությանը խոստացան, որ ավիատոմսերը արժենալու են 35 եվրո, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ 35 եվրոյին համարժեք տոմս քաղաքացիներն այդպես էլ չկարողացան գտնել. այն ավելի թանկ էր:

Բայց սա դեռ ամենը չէ. բյուջետային այս ավիաընկերությունների գալը սկսեց մտահոգել ավիացիոն ոլորտի մասնագետներին: Նրանց կարծիքով՝ ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացնում նոր ստեղծվելիք ընկերությունների համար: Սրան զուգահեռ, արձանագրենք, որ լոու-քոստերները սովորական ավիաընկերություններից տարբերվում են տոմսերի ցածր գներով, սակայն զգալի սահմանափակումներով եւ ցածրորակ սպասարկմամբ: Սովորաբար լոու-քոստերները փորձում են հնարավորինս քիչ ժամանակ կանգնել, վայրէջք են կատարում, վերցնում նոր ուղեւորների եւ անմիջապես օդ բարձրանում: Բացի այդ, եթե ճանապարհորդեք ձեր ընտանիքի անդամի հետ, ապա իրար կողք նստելու համար պետք է վճարեք:

 

 

ԿԽԱՆԳԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ

Կապիտալ ծախսերի չկատարումը կարող է խանգարել Հայաստանի տնտեսական աճին։ Այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում 2022թ. կշարունակի արագ տեմպերով վերականգնվել ապրանքների եւ ծառայությունների ներքին պահանջարկը։ «Պահանջարկի վրա հիմնականում ազդելու է պետական կապիտալ շինարարությունը, որի ծավալը, այս տարվա համեմատ, պետք է ավելանա։ Կարեւոր է կապիտալ ծախսերը կատարել այնպես, ինչպես նախատեսված է։ Եթե դա տեղի չունենա, ապա մասնավոր ներդրումները, հետեւաբար միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ցուցանիշները կարող են ավելի ցածր լինել, քան սպասվում էր»,-պարզաբանել է Գալստյանը։

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոկսվայում մասնակցել են ԱՊՀ երկրների գործընկերների հետ ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԽ-ն: «Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Դրան մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում եւ հանդես է գալիս եռակողմ համաձայնագրի պահպանման օգտին. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, մարտական գործողությունների վերսկսումը [հայ-ադրբեջանական] սահմանին այն է, ինչը երեկ լուրջ անհանգստության առիթ դարձավ, բայց շնորհիվ ռուսաստանյան կողմի միջնորդական ջանքերի՝ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կոչել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Ռուսաստանյան կողմը այսուհետ եւս կանի դա։ Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է»,- ընդգծել է Պեսկովը։

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Հայկական եւ ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է: Այս մասին  ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, թույլ տվեցին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում։ Սակայն, չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական եւ ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- հայտարարել է ՀԱՊԿ ղեկավարը։

 

 

ՊԱՏԻՎ ՉԷ

Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը: «Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները եւս: Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն  փնտրելը ինքնիշխանին պատիվ չի: Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ»։

 




Լրահոս