«Ընդամենը մեկ օրվա իրադարձության հետ կապված՝ տարբեր թվեր են հրապարակում, եւ այդ ամենը վերաբերվում է մարդկային կյանքերին»,- այս մասին ասել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ երեկ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը 41 ԿՄ ներխուժել է ՀՀ տարածք, հայկական կողմը ունի զոհեր եւ վիրավորներ, իշխող ուժի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ խոսել էր 15 զոհի եւ 4 վիրավորի մասին, իսկ ՊՆ-ն ասում է, որ ունենք մեկ զոհ, 13 գերեվարված, 24 զինծառայողի հետ կապ չկա:
Էդգար Ղազարյանը չի հասկանում նաեւ ՊՆ-ի նոր տերմինը՝ «24 զինծառայողի հետ կապ չկա». ինչպե՞ս է նման բան պատահում: Նա ցավով է նկատում, որ հայկական տեղեկատվական դաշտում այսօր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը ադրբեջանցի զինվորների հեռախոսներն են, քանի որ շատ բանի մասին իմանում ենք նրանց տեղադրած տեսանյութերից, ինչից հետո միայն ՀՀ պաշտոնական մարմինները հաստատում են այդ տեղեկությունները:
Անդրադառնալով բուն խնդրին՝ նա նկատել է, որ գործընթացները մեկ օրում տեղի չեն ունենում, եւ հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Սյունիքում, Երասխում, Մեղրիում ռուսական սահմանապահ զորքերն էին կանգնած Արցախում խաղաղապահ մանդատ ունեցող ուժերի հետ: Ո՞ւր են հիմա նրանք. հարց է հնչեցնում նախկին դեսպանը՝ նկատելով, որ ռուսական դրոշն էր Ադրբեջանին զսպում, որպեսզի արկածախնդրության չգնային: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ անգամ կառավարության ծրագրում է նշված, որ 102-րդ ռուսական ռազմաբազան Սյունիքում ստորաբաժանումներ պետք է ունենա. մեկ տարի անցել է, բայց գործողություն չի իրականացվել այդ ուղղությամբ. «Ինքը ռուսներին հանել է, ոչ էլ կարողանում է Ալիեւի հետ բանակցել: Պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նոյեմբերի 15-ին Սոչիում եռակողմ հանդիպում է նախատեսված, բայց դրանից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին հարցազրույց է տալիս ու ասում է, որ այդ հանդիպումը չի կայանալու: Բա դու չես գնում, ոչ կոնֆլիկտի կողմի հետ բանակցում ես, մենակ նստել ես ու բարձրագոչ բաներ ես ասում՝ Հայաստանի հետ հնարավոր չէ ուժի լեզվով խոսել, չգիտեմ ինչ: Բա որ հնարավոր չէ, ինչո՞ւ ենք այս վիճակում: Ինչի միջպետական հարաբերությունները հարցազրույցներո՞վ են կարգավորվում»:
Էդգար Ղազարյանին անհասկանալի է նաեւ մինչ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի զրույցը ԵԽ խորհրդի նախագահի հետ այն պարագայում, երբ ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Ադրբեջանը ԵՄ անդամ չեն, ոչ էլ ԵՄ-ն ռազմական ստորաբաժանումներ ունի տարածաշրջանում. ի՞նչ կապ ունեն այս խնդիրները ԵՄ խորհրդի նախագահի հետ: Նա ուշագրավ է համարում նաեւ այն, որ խորհրդարանում իշխող ուժի ներկայացուցիչները ողջ օրը ՌԴ-ին «շանտաժ» էին անում:
Նա առնվազն անհեռատես է համարում հայտարարությունները, թե եթե ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը չմիջամտեն, Հայաստանն այլ գործընկերների կդիմի, այն պարագայում, երբ Հայաստանը այլ գործընկեր չունի: Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ գործող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տապալել է ե՛ւ դիվանագիտությունը, ե՛ւ ռազմական գործը, եւ, առհասարակ, պետությունն ու ժողովրդին տանում է դեպի բախտախնդիր որոշումների, ուստի նրանք պետք է հեռանան:
Ն.Պ.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ եւ հունվարի 6-ը: ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաեւ հունվարի 2-ը: Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաեւ հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, եւ հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:
ԳՅՈՒՂ ԱԻՆ-Ն Է ՀԱՑ ՀԱՍՑՆՈՒՄ
«Այլընտրանքային ճանապարհը կառուցվում է, շինարարներն իրենցից կախված ամեն ինչ անում են, ասում են, որ մինչեւ տարեվերջ խճապատման աշխատանքները պիտի ավարտվեն, բայց ես խիստ կասկածում եմ, որովհետեւ եղանակային պայմաններն իրենցն ասում են, նախատեսված է, որ ասֆալտապատումն էլ գալիք տարի կանեն»,- ասել է Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը։ «Հիմա մառախուղ է, գիշերը թեթեւ տեղումներ են եղել, ինչը խանգարում է շինարարների աշխատանքին։ Գյուղ ամենօրյա ռեժիմով ԱԻՆ-ն է հաց հասցնում, խանութ չկա, Գորիս առեւտուր անելու համար «Ուրալ»-ով ենք գնում, որը մեզ տրամադրել են մեր սահմանապահ զորքերը։ Ստիպված հարմարվում ենք. երբ այլընտրանքային ճանապարհը պատրաստ լինի, Գորիս հասնելու համար, նախկինում 33-ի փոխարեն, 70 կմ պետք է կտրենք»,- ասել է Բարձրավան համայնքի ղեկավարը։ Օնիկ Ավագյանը նշել է նաեւ, որ Բարձրավանում դիալիզ ստացող բնակչին տեղափոխել են Կապան. «Շտապօգնության մեքենաներով անհնարին է երթեւեկել, մյուս հիվանդները, որոնք կարիք են ունենում այցելելու հիվանդանոցներ, նրանց նույնպես ամենագնացով են տեղափոխում»։ Նշենք, որ նոյեմբերի 11-ից ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Բարձրավան, Որոտան եւ Շուռնուխ գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ։ Կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։