ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ Համլետ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. նոյեմբերի 11-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով ՀՀ զինված ուժերում մշտապես իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի 949-Լ հրամանով սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության կանոնադրության համաձայն, ի թիվս այլնի, ունենալով զինված ուժերի եւ այլ զորքերի մարտական եւ զորահավաքային պատրաստականության աստիճանի, պատրաստության վիճակի, զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ հավաքագրման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների կատարման, գնահատման եւ առաջարկությունների ներկայացման, ինչպես նաեւ նախարարի հանձնարարությամբ նախարարության համակարգում կադրային քաղաքականության, ռազմական ուսուցման, բժշկական եւ սոցիալական ապահովության հետ կապված հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու եւ առաջարկություններ ներկայացնելու լիազորություններ, անձամբ, միջնորդների միջոցով, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից պահանջել եւ որպես կաշառք ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ:

 

Բացի այդ, ՀՀ կառավարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանները, կատարել է իշխանազանցություն, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով հափշտակել է ուրիշի զգալի չափերով գույքը, ինչպես նաեւ գաղտնի հափշտակել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը:

ՊՆ պաշտոնատար անձի հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Համբարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման Ապարանի բաժանմունքի պետ Արա Քոչարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժանմունքում որպես սպա Իգր Աբրահամյանը:

Իսկ կոնկրետ ի՞նչ է արել ՊՆ պաշտոնյան. ՀՀ ՊՆ Ն զորամասի առաջին գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ զորամասի առաջին գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին մարտի դաշտից տեղափոխվելով Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալ, ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու պարագայում երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ ծառայության վայրը ինքնակամ թողնելու եւ տուն վերադառնալու ուղղակի դիտավորություն ունենալով, դիմել է ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ Համլետ Հարությունի Դարբինյանին, որը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ծանոթ Արսեն Մարգարյանի միջոցով 2020 հոկտեմբերի 22-ին կազմակերպել է Արմեն Հարությունյանի՝ Խնձորեսկ համայնքի զինվորական հոսպիտալից առանց թույլտվության ծառայության վայրը ինքնակամ թողնելը եւ տուն վերադարձը, որից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, Արմեն Հարությունյանին զորամասը ինքնակամ թողածների ցուցակից հանելու համար Համլետ Դարբինյանը վերջինից պահանջել է խոշոր չափի՝ 300.000 ՀՀ դրամ գումար, որպիսի առաջարկն ընդունվել է Արմեն Հարությունյանի կողմից, սակայն Արմեն Հարությունյանը Համլետ Դարբինյանին չի տվել նշված գումարը եւ չորս օր առանց թույլտվության ծառայության վայրը ինքնակամ լքելուց հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, վերադարձել է ծառայության վայր:

Վերոնշյալ անձանց հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 5 անձ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Քննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերությունը խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր եւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը: «ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթեւան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Օթեւանի տուֆերի երեւակման հատվածում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություն: Քննությամբ պարզվել է, որ վերջինս խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր եւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջները:

Մասնավորապես նշված պայմանագրով եւ դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 մ3 ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում եւ տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել եւ տեղահանել է լեռնային զանգված, մինչեւ 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, եւ պետությանը պատճառվել է ընդհանուր 19.594.291 ՀՀ դրամի չափով վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ: Քրեական գործով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Նշվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հետեւողականության արդյունքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ եւ վերջին պատերազմի հետեւանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։ Նշվում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետեւանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։ Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարեւանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է եւ հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։

Կարեւորվել է երկու հաստատությունների միջեւ հետագա համագործակցությունն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում եւ երեխաների պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ արտահերթ հրապարակային «Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցի պատրաստումը:

 




Լրահոս