Հայաստանը դիտարկել է՝ արդյոք անկլավները քարտեզի վրա ուղղակի «նկարված» են, թե իրավական հիմք ունեն, սակայն առայժմ խաղաքարտեր չի բացում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցային սեղանին դրված է անկլավների վերադարձի, փոխանակման հարցը, արդյոք ՀՀ-ն դրանց պահպանման հարցում ինչ-որ բան պետք է զիջի:
« Այն, որ Ադրբեջանը հետապնդում է և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ: Բայց մեր դիրքորոշումը հետևյալն է՝ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու «կոլխոզների» որոշում, թե մի «կոլխոզը» այդ մի տարածքից նվիրում է «եղբայրական Ադրբեջանին»: Դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի. մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ բոլոր հարցերը հենց դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն:
Վարչապետը կարևորեց հասկանալը, թե ինչ հարց է դա, որտեղից են ծագել այդ անկլավները: «Մենք գիտենք՝ այդ պնդումն իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Մենք գիտենք նաև, թե Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում ընդունված է, կան դեպքեր, երբ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ դրանք մնացել են այն երկրների սահմաններից այն կողմ, որով պարփակված են: Բայց դրանից առաջ մենք պետք է իրավական հիմքերը հասկանանք՝ այդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե՞ դա իրավական հիմք ունի»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ իրենք լրջորեն դիտարկել են այդ հարցերը: «Պարզապես մենք չենք ուզում որևէ քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել»,-ասաց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը հստակ, միլիմետրի ճշտությամբ գիտի, թե ՀՀ սահմանը որտեղով է անցնում, մնացածը բանակցությունների թեմա է:
«Մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք: Կան խնդիրներ, որոնք մենք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց նաև ինչ-որ առումով որոշ չափով հասցրել ենք լուծել և կլուծենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատկերացնում են բոլոր բարդությունները տեղերով, թե որտեղ քանի մետր, միլիմետր, կիլոմետր խնդիր կա, և բոլոր այդ խնդիրները կառավարությունը համարում է լուծելի:
Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն շատ կառուցողական է տրամադրված, ուզում է գնալ լուծումների, չի ուզում հարցերը մտցնել փակուղի: «Մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրար շահերը հաշվի առնելով, նաև շատ իրողություններ հաշվի առնելով, տարածաշրջանի և միջազգային իրավունքի նրբությունները հաշվի անելով՝ պատրաստ ենք գնալ լուծումների և ցույց են տվել, որ մենք գնում ենք լուծումների: Բայց մեր կոչն է նաև, որ մեր այդ գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն»,-ասաց Փաշինյանը: