Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր հայրենակիցների մեծ մասը Ամանորն անցկացնելու է հայաստանյան հյուրանոցներում: ArmLur.am փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց, զանգահարեցինք մի քանի հյուրանոցներ եւ որպես քաղաքացի հետաքրքրվեցինք՝ այս տարի ամանորյա փաթեթներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Նաեւ՝ հյուրանոցներից հետաքրքրվեցինք, թե որքան արժեն ամանորյա փաթեթները եւ ինչ ծրագրեր կան: Պարզվեց, որ երաժշտական եւ հումորային համարներ ոչ բոլոր հյուրանոցներում կլինեն, փոխարենը գալա ընթրիքին կհնչի կենդանի երաժշտություն:
Պարզվեց, որ հյուրանոցներ կան, որտեղ ընդհանրապես ազատ տեղ չկա այս պահին, իսկ մյուս հյուրանոցներում ազատ տեղերը մի քանի օրից կսպառվեն: Բացի այս, նախորդ տարվա համեմատ այս տարի հյուրանոցային ծառայությունների սակագները բավականին բարձրացել են:
Օրինակ, Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում այս պահին ազատ տեղ չկա, բոլոր համարներն ամրագրված են: Ընդամենը մեկ ազատ տեղ կա՝ այն էլ 4 անձի համար, արժեքն էլ 1 մլն 200 հազար դրամ: Գրեթե բոլոր հյուրանոցների կողմից առաջարկված ամանորյա փաթեթները դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ն է: Այս հյուրանոցում երկու անձի համար նախատեսված համարը 800 հազար դրամ է: Հյուրանոցներում համար ամրագրող քաղաքացիներին հետ չի պահել անգամ կառավարության որոշումը, ըստ որի՝ հունվարի 3-ից աշխատանքային է: «Մարիոթ Ծաղկաձոր»-ում 2 անձի համար նախատեսված համարը 1 մլն դրամ արժե, փաթեթի մեջ ներառված է գալա ընթրիք:
Ծաղկաձորյան մեկ այլ հյուրանոցում՝ «Կեչառիսում» 2 անձի համար մեկ համար գտնվեց՝ առանց պատշգամբի եւ 700 հազար դրամով, որի մեջ ներառվում է երկանգամյա սնունդ, ամանորյա գալա-ընթրիք: Այս հյուրանոցից մեզ փոխանցեցին, որ առայժմ ազատ սենյակներ ունեն եւ խորհուրդ տվեցին արագ կողմնորոշվել՝ նշելով, որ զանգերը շատ են: Բայց միաժամանակ հայտնեցին, որ ամանորի գիշերը «տաշի-տուշիներ» չեն լինի: Հյուրանոցը բենդ է հրավիրել՝ ամանորի գիշերն անցկացնելու համար: Վայոց ձորի մարզում գտնվող «Գրանդ Ռեզորթ-Ջերմուկ» հյուրանոցում եւս ամանորյա փաթեթը դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն է, իսկ 2 անձը՝ 1 մլն 170 հազար դրամ է: «Արարատ Աղվերան» հյուրանոցը 2 անձի համար առաջարկում է համար 410 հազար դրամ, իսկ ամանորյա փաթեթը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ն է:
Նշենք, որ ամանորյա տոների շնորհիվ տնտեսվարողները կկարողանան փոքր-ինչ շնչել, քանի որ նախորդ տարվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով գրեթե չեն աշխատել, շրջանառություն չեն ունեցել:
Սյունէ Համբարձումյան