Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարությունում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքապետերի հետ: Հանդիպմանը սակայն, ինչպես և սպասվում էր, Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը ներկա չէր: Տեղեկացանք, որ Գորիս համայնքը ներկայացնում էր համայնքապետի պարտականությունները ստանձնած Կարեն Քոչարյանը: Առուշանյանը, հիշեցնենք, այս պահին կալանավորված է:
Համայանքապետերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հերթական անգամ կարևորել է ժողովրդի դերն ու նշանակությունը: «Ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն»,- շեշտել է վարչապետը: Նա կարծես մոռացել է սակայն, որ ժողովրդն ընտրել է Առուշանյանին, բայց այժմ նա փակի տակ է պահվում: Թե ինչքանով իշխանությունը կարևորում է քաղաքացու ընտրությունը, հայտարարությունների ու գործողությունների համեմատականն է ցույց տալիս:
Սյունիքի մի շարք համայնքներում, հիշեցնենք, վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», պարտություն էր կրել: Մեղրիում, օրինակ, հաղթել էր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն, իսկ Կապանում ու Գրիսում վերընտրվել էին գործող քաղաքապետերը՝ Գևորգ Փարսյանն ու Առուշ Առուշանյանը: