Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մարմինը վերջապես տեղափոխվել է Հայաստան եւ վերջապես նրա հարազատները հնարավորություն կունենան նրա ամփոփել հայրենի հողում:
Կառավարությունից էլ հայտնել են, որ տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը կտակ է թողել, որով ցանկություն է հայտնել հուղարկավորվել հայրենի Կոթի գյուղում:
Հավելենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ երեկ լրացել է նրա մահվան քառասուն օրը (քառասունքը), բայց դեռեւս մեր կառավարությանը չի հաջողվում Հայաստան վերադարձնել եւ հայրենի հողում ամփոփել վերջինիս աճյունը: Այս խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում եւ խնդրանքով են հանդես գալիս նաեւ նրա զավակները: Ավելին, երկու օր առաջ նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, կրկին անդրադարձել էր Վանո Սիրադեղյանի աճյունի՝ մինչ օրս չհուղարկավորված լինելու փաստին եւ մտավորականների անտարբերությանը:
Լիդա Եղիազարյան