ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը եւ ինչպես գողերը մտան նրա տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը:
ՀՀ գլխավոր դատախազը Վարչության պետ է նշանակել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանին, որը մինչ այդ ղեկավարում էր ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը:

Հիշեցնենք, որ Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության՝ Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ: Ավելին՝ Մարիտրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ավելին, 2019 թվականին դատախազ Արսեն Մարիտրոսյանը եւս մեկ ուշագրավ պատության կիզակետում հայտնվեց: Հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սակայն ուշագրավ է, որ դատախազի մարզային կացարանում գողերի համար հարմար շատ իրեր չէին գտնվել:
Ի դեպ սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ի դեպ դատաքննությունը այս գողության գործով դեռեւս շարունավում է:

Քնար Մանուկյան




Լրահոս