Հոկտեմբերի 17-ին 75 տարեկանում մահացավ Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Ավելի ուշ տեղեկացանք՝ նա իր մահկանացուն կնքել էր հոկտեմբերի 15-ին: Վանո Սիրադեղյանը «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ էր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության անդամ, եղել է ներքին գործերի նախարար: Զբաղեցրել է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մարմինը վերջապես տեղափոխվել է Հայաստան եւ վերջապես նրա հարազատները հնարավորություն կունենան նրա ամփոփել հայրենի հողում:
Կառավարությունից էլ հայտնել են, որ տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
Նշենք, որ Վանո Սիրադեղյանն անցնում է մի շարք քրեական գործերով: Մասնավորապես 1998 թվականին Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն: Նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետախուզում հայտարարվեց։ Վերջինիս վերաբերյալ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ նման դատավարական որոշումներ կայացնելու իրավասությունը դատարանինն է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրա գործը քննող դատավորը Վաչե Մարգարյանն է: Իսկ ինչ է պատրաստվում անել դատավոր Վաչե Մարգարյանը, արդյոք պատսաստվում կարճել նրա մասով քրեական գործը: Դատավորը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն, Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի եւ գործը կկարճվի:
Քնար Մանուկյան