ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի նոր ալիք. Գյուղապետերին պարտադրում են հրաժարվել հակակարկտային կայաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղապետերը հայտնվել են անելանելի դրության մեջ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղապետերը մարզպետարաններից շրջաբերական են ստացել այն մասին, որ 2022 թվականից չեն կարող սուբվենցիոն ծրագրերով հակակարկտային կայաններ ձեռք բերել: Ապա՝ պատճառաբանել են, որ հակակարտկային կայանների արդյունավետությունը շատ ցածր է, դրանք առաջացնում են բնապահպանական եւ մթնոլորտային մի շարք խնդիրներ: Փոխարենը կառավարությունն առաջարկում է կիրառել կարկտապաշտպան ցանցեր: Սակայն գյուղապետերի մեծ մասը դեմ է այս որոշմանը, ավելին չի բացառվում, որ առաջիկայում հայկական գյուղերում բողոքի մեծ ալիք հասունանա: Ըստ գյուղապետերի՝ կարկտապաշտպան ցանցերն իրենք չեն կարող իրենց արտերում կիրառել, քանի որ տեղի բնակիչները հիմնականում մշակում են հացահատիկ, կարտոֆիլ: Գյուղապետերի խոսքերով հողատարածքները ցրված են, տարածված եւ այս դեպքում հնարավոր չէ դրանք ցանցապատել: Բացի այս, կարկտապաշտպան ցանցերը բավականին թանկ են, դրա համար եւս գումար չունեն:

ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի ղեկավար Էդուարդ Մելիքսեթյանը, թվային տվյալների վրա հիմնվելով, հայտարարում է, որ հակակարկտային կայանները բավականին արդյունավետ են աշխատում:

«Խոշորացված համայնքն ունի 3300 հա վարելահող, որի ընդամնեը 850 հա-ն է մշակվելուց եղել ու մինչ խոշորացումը այդ 9 բնակավայրերից մի քանիսում թվով 5 կամ 6 հակարակարկտային կայաններ են դրված եղել, երկու տարվա ընթացքում մենք սուբվենցիոն ծրագրերով գնեցինք եւս 27 հակակարկտային կայան, հիմա ներկա դրությամբ ունենք 33 կայան, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով հնարավորություն ունեն ծածկել մոտավորապես յուրաքանչյուրը 80 հա հողատարածքներ»,- ներկայացրեց Լոռի բերդի համայնքապետը:

Այս համայնքում բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկի եւ կարտոֆիլի մշակությամբ: Համայնքապետն ArmLur.am-ի հետ զրույցում օրինակներ բերեց՝ նշելով, որ այն բնակավայրերում, որտեղ կայաններ են տեղադրվել, մշակելի տարածքներն ավելացել են:

Օրինակ, 2020 թվականին տեղացած կարկուտի հետեւանքով այս բնակավայրերում գյուղացիական տնտեսությունները վնասներ են կրել, մի մասի վնասը հատուցվել է ապահովագրական գործակալությունների կողմից:

Իսկ ահա Լեջանի վարչական ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախկինում իրենց համայնքում 30-40 հա ցորեն է մշակվել, կարտոֆիլ՝ 5-6 հա, իսկ հակակարկտային կայան տեղադրելուց հետո այս թվերը փոփոխվել են եւ ավելացել:

Տեղեկացնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ դրել է դեռեւս օգոստոսի 18-ին, հավաքել է 137 «կողմ» եւ 526 «դեմ» ձայն եւ բազմաթիվ բացասական կարծիքներ: Նախագիծը մշակել է նախարարության ՙՀիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն՚ ՊՈԱԿ-ը, որն առաջարկում է շեշտադրումը դնել հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակի՝ կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրմանը եւ գյուղատնտեսական ապահովվագրության զարգացմանը։

Այս որոշման նախագիծը սկսել է մտահոգել նաեւ «Բարվա» ինովացիոն կենտրոնին: Տեղեկացնենք, որ «Բարվան» 2005 թվականից զբաղվում է բարձր տեխնոլոգիական սարքերի մշակմամբ եւ արտադրությամբ, դրանցից են մասնավորապես «Զենիթ» ապրանքանիշով հայտնի հակակարկտային կայանները, որոնցից արդեն արտադրվել է մոտ 800 միավոր։ Կենտրոնի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի խոսքով, դրանք տեղադրված են Հայաստանի, Արցախի տարածքներում, ինչպես նաեւ արտահանվել են Իրան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան: Ի դեպ, տվյալ երկրներից կենտրոնն արդեն հասցրել է ստանալ դրական կարծիքներ: Արման Վարդանյանի խոսքով, կարկտապաշտպան ցանցերը պաշտպանության պասիվ տարբերակներից են, որոնք կիրառվում են խաղողի եւ գաճաճ ծառատեսակների դեպքում: Մասնագետի խոսքով, դրանք կիրառելի չեն հացահատիկի դեպքում:

Կենտրոնի տնօրենը խիստ զարմացած է, քանի որ համայնքները տալիս են գրավոր դրական կարծիք կայանների արդյունավետության մասին, իսկ կառավարությունից հակառակն են պնդում:

Ի դեպ, ArmLur.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաեւ շրջակա միկջավայրի նախարարությունից, որտեղից սակայն մեզ կարճ պատասխանեցին՝ նշելով, որ նոր ասելիք չունեն:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս