ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործը դատարկ է. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր է, ինչ հանրային դաշտում քննարկվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործը: Ինչ գործի մասին է խոսքը. վառելանյութի գործով արդեն 2 տարի մեղադրյալի կարգավիճակ ունեցող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել ևս մեկ՝ այս անգամ կաշառքի գործով։ Հեղինակը գործարար Սիլվա Համբարձումյանն է, որի բողոքի հիման վրա երեք տարի առաջ քրգործ էր հարուցվել:

Հեղափոխությունից հետո գործարարը հայտարարել էր, որ 2008-ին հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու համար բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք է տվել։ Այդ պաշտոնյաները, ըստ գործարարի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն են, ինչպես նաև Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը: Եւ նրանց ավելացել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նկատենք, որ այս գործի հարուցումը արդեն բավականին խնդրահարույց է, քանի որ կաշառք տվող գործարար Սիլվա Համբարձումյանն ինքը տարբեր առիթներով հայտարարել է, որ նախագահներ Քոչարյանին ու Սարգսյանին, ինչպես նաև Արմեն Գևորգյանին անձամբ չի ճանաչել, խոշոր գումարները փոխանցել է գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով՝ իր շնորհակալությունը հայտնելով իրեն չխանգարելու համար, քանի որ կա՛մ պետք է փող ունենաս, կա՛մ էլ, այսպես կոչված, տանիք։ Այսինքն՝ մարդկանց չի ճանաչել, բայց կաշառք է տվել: Եւ քննչական մարմնում՝ գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեում չկա որեւէ այլ ապացույց, բացի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքից:

Այս նույն տրամաբանությամբ, Սիլվա Համբարձումյանը կամ որեւէ այլ քաղաքացի կարող է նախկին որեւէ պաշտոնյայի մեղադրել գիշերները թաքուն մարդկանց ուտելու մեջ եւ գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն անմիջապես քրգործ կհարուցի: Եւ ամենեւին կարեւոր չէ, թե գործում ինչ ապացույցներ կան, կամ կան, թե՞ ոչ: Գլխավորն այն է, որ կա մեկ անձի ցուցմունք, կա քրեական գործ, լրատվամիջոցներով տարածվում է, որ օրինակ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ մի քրեական գործ էլ է հարուցվել եւ խնդիրը կարգավորված է:

Բոլորը խոսում են մեղադրանքի մասին, բայց այն դատարկ է՝ կառուցված մեկ անձի ցուցմունքի վրա: Երեւույթ, որ դատապարտելի է բոլոր ժամանակներում:

Քնար Մանուկյան




Լրահոս