Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ մայրաքաղաքում մի անձ տարբեր տեսակի թմրամիջոցներ է վաճառում, տեղեկացնում է Ոստիկանությունը։
Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ պարզելու ինչպես թմրամիջոցներ իրացնողի, այնպես էլ օգտագործողների շրջանակը։
Միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին մոտ մեկ տասնյակ անձինք։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի և մարիխուանա։
Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվեց, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվեցին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։