ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը կհաջողվի նշել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Ըստ Ռուդենկոյի` Ռուսաստանի ակնկալիքն այն է, որ այդ երկու երկրներում ավելի շուտ գան երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը:

«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար, թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են հայտարարությունը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն ՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:

Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են:

«Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, և նույնիսկ մարդիկ են զոհվում»,- նշել է Ռուդենկոն:




Լրահոս