«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում: «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրեց նախաձեռնության պահանջները, այն է` կանխել սահմանազատման և սահմանագծման, ըստ իրենց, հակահայկական ծրագիրը, հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել հակառակորդին և զինել բանակը:

Արա Զոհրաբյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հիմնված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, որի դրույթները ի վնաս Հայաստանի խախտվել են:

«Ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք: Ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք: Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում ունենք զոհեր: Սա նշանակում է՝ մեր անվտանգության հարցը լուծված չէ: Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ այդ սահմանազատման և սահմանագծման ծրագիրը փորձվի իրագործվեն»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը:

«Զարթոնք» կուսակցության հիմնադրի կարծիքով`«Ազատագրական շարժման» նպատակները չեն կարող իրագործվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:

«Վերոգրյալից ելնելով «Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միավորվել այս պահանջների ներքո»,- եզրափակեց Զոհրաբյանը:




Լրահոս