Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
«Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
«Օմրիկոն» շտամով պայամանվորված դեպքեր են արձանագրվել նաեւ Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաեւ հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
Հետեւաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ` այդ թվում սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։