Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարում 2020 թվականին կառավարության շենք ներխուժած անձանց մասով:
Ինչպես հայտնի է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ անձինք եւ իրենց բողոքն էին արտահայտում: Հավաքված ամբոխի մեջ էր եղել նաեւ Ռաֆայել Մխիթարյանը, որին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել է ռազմամթերք, բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Արթուր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել ռազմամթերք, բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է հնչեցրել: Սերգեյ Հովսեփի Թաթմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին մասնակցել է Երևան քաղաքում բռնություն գործադրելով, ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև կատարել է գույքի բացահայտ հափշտակություն:
Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Նշենք, որ Ռաֆայել Մխիթարյանը որեւէ կուսակցության աջակից չէ, այլ այդ քայլին դիմել է հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձություններվ մտահոգված, քանի որ նա 44-օրյա պատերազմի մասնակից է եղել:
Քնար Մանուկյան