ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 70 հազար 551 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 38 հազար 135 դրամ` ամսական կտրվածքով: Մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով:

ArmLur.am-ը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 38 հազար 135 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք:

Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18.6 գրամ ձու, 145 գրամ կարտոֆիլը, 203 գրամ բանջարեղենը եւ այլն:

Օրինակ՝ տավարի մսի 100 գրամի գինը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հասնում է 400 դրամի, ձկնամթերքի՝ ՙԻշխան՚ ձկնատեսակի 100 գրամը 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն մինչեւ 140 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 150 դրամի սահմաններում: Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը:

Բայց այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն են մեծ դժվարությամբ վաստակում, իսկ եթե սրան գումարենք կոմունալ վճարները, հագուստը, կոշիկը եւ, ամենակարեւորը, դեղորայքը, ապա գումար չի մնում: Ձմռան ամիսներն էլ մոտենում են, եւ շուտով կլսենք ամսական 50 հազար դրամի հասնող կոմունալ վարձերի մասին:

Բայց սրան զուգահեռ, արձանագրենք, որ Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Իսկ Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում սպառողական զամբյուղում ներառված են տան վերանորոգման կամ այգեգործության համար պիտանի իրեր:

Ավելին եվրոպական երկրներում սպառողական զամբյուղում ընդգրկել են նաեւ թատրոնի եւ կինոյի տոմսեր, գրքեր, լողավազանների եւ ֆիթնես ակումբների այցեքարտեր:

Ս.Հ.




Լրահոս