Արդեն երրորդ օրն է, ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:
Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի մեր տարածք սկսեցին ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Ներթափանցող տաք օդային հոսանքների և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շփման հետևանքով` ձևավորվեց մառախուղ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի հետ համեմատ` բացառությամբ Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու, հանրապետության ամբողջ տարածքում բարձրացել է 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։
Այսօր ցերեկը Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է+20-ի, իսկ լեռնային շրջաններում +10…+13 աստիճանի։
Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում մառախուղի գոյացման պատճառով ջերմաստիճանի փոփոխություն չի նկատվել։
Դեկտեմբերի 1-ին սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետ կապված` Արարատյան դաշտում առկա մառախուղը կցրվի, սակայն հանրապետության ամբողջ տարածքում կսկսվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, առանձին հատվածներում քամու արագությունը կհասնի 20-25 մ/վ-ի։