ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՎԱՆ-ԿԱՊԱՆ-ԵՐԵՎԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը նոյեմբերի 11-ին կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետեւանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։ Պաշտոնական մակարդակով հաստատվում էր նաեւ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

 

Ավիացիայի հարցերի մասնագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասել է. «Կապանի օդանավակայանն ամբողջովին վերակառուցված է եւ ի վիճակի է ընդունել օդանավեր, բայց օդանավակայանը միայն շինությունը չէ, դա միայն շենքը չէ, որով ուղեւորներն անցնում են, ամենակարեւորը նրա մոտեցման եւ նրանից դուրս գալու ճանապարհներն են։ Ես այդ օդանավակայան հարյուրավոր թռիչքներ եմ կատարել որպես հրամանատար «ՅԱԿ 40»-ի վրա, բայց «ՅԱԿ 40» օդանավն ունի իր դինամիկան, շարժիչների հզորությունը, քաշը եւ այլն։ Այն ժամանակ մենք ստիպված էինք վերթիռից հետո մտնել ձորով բարձրություն հավաքել, իսկ այդ ձորն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է. թույլ կտան ադրբեջանցիներն այդ ձորը մտնել՝ ես չգիտեմ։

Երկրորդ՝ այս օդանավը, որով որ պետք է թռիչքները կատարվեն, «ԷԼ 410» օդանավն է, մինչեւ 18 ուղեւոր է տանում, ես այդ օդանավին ծանոթ չեմ՝ ո՛չ որպես օդաչու, ո՛չ որպես գործարար, ես իմ ավիաընկերությունում այդ օդանավը չեմ օգտագործել, ես նրա տակտիկատեխնիկական հնարավորությունները չգիտեմ։ Կապանի օդանավակայանից թռիչք կատարվում է ընդամենը մեկ ուղղությամբ, եւ ես չգիտեմ՝ այդ օդանավը, համաձայն միջազգային անվտանգային պահանջների, ի վիճակի է ապահովելու անվտանգ բարձրություններ եւ մի շարժիչի խափանման դեպքում անվտանգ վայրէջք հետադարձ ուղղությամբ…»։

Նոյեմբերի 16. «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երեւան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը:

Սա էլ դեռ ամենը չէ. ընդամենը մեկ շաբաթ անց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին՝ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երեւան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր Քաղավիացիայի կոմիտե։ Կոմիտեից հայտնել էին նաեւ, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ էր ներկայացրել Երեւան-Կապան-Երեւան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու եւ ավելի ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու վերաբերյալ, սակայն վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը,  անդրադառնալով Կապանի օդանավակայի թեմային, վստահեցրել էր՝ օդանավակայանի շահագործման մասին տեղեկությունը Կապանի ավագանու ընտրությունների շեմին իշխանության հերթական նախընտրական փուչիկն էր, քանի որ օդանավակայանի շահագործման հետ կապված այսօր որեւէ մեկը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ։

Նման տեսակետ հայտնել էր նաեւ կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Քանի որ այդ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր եւ, ըստ էության, արդեն հասկանալի էր, որ նաեւ Կապան-Ճակատեն ճանապարհը պետք է փակվի ապագայում, կարծում եմ՝ իշխող ուժն ուղղակի գնացել է քարոզչական նման հնարքի։ Փորձել է մանիպուլյացնել ու լրացուցիչ քվե ստանալ հենց այդ հայտարարության միջոցով, որը չի աշխատել»,- ասել էր պատգամավորը:

Ն. Պ.

 

 

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԸ

Նոյեմբերի 14-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում մահացել է Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ, 35-ամյա Վահե Վասիլի Մանուչարյանը։

 

Նա անչափահաս երկու երեխաների հայր էր։ Վահեն տեսողական խնդիրների պատճառով 3-րդ խմբի հաշմանդամություն ուներ։ Վ. Մանուչարյանը Ոսկեպարի սարում զբաղում էր իր  անասունները պահելով, նա սարում  ինֆարկտ է ստացել, որից հետո  տեղափոխել են Իջեւանի բկ՝ մտածելով, որ հարկ եղած դեպքում այնտեղից Երեւանի որեւէ մասնագիտացված հիվանդանոց  տեղափոխելն ավելի դյուրին կլինի, քան Նոյեմբերյանից։ Իջեւանի բկ-ից  Վ. Մանուչարյանին  տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ուր հիվանդը գտնվել է 5 ժամ՝ նոյեմբերի 14-ից  կեսօրից  մինչեւ իր մահը՝ ժամը 17:00-ն։

Վահե Մանուչարյանի հորեղբոր կինը՝ Անգին Մանուչարյանը, հայտնել է, որ Նոյեմբերյանի ԲԿ-ում հիվանդին ցուցաբերվել է ամենայն բուժգնություն,  սակայն ապարդյուն։  Չնայած տխուր ելքին՝ տիկին  Անգինը դժգոհ չէր նոյեմբերյացի բժիշկներից։ Նրան հարցրի, թե Իջեւանի բկ-ում ինչու չեն հոսպիտալացրել Վահեին, նա ասաց, որ ինքը Վահեի հետ եղել է Նոյեմբերյանի ԲԿ-ում, ոչ Իջեւանի բկ-ում, եւ չի կարող հարցին պատասխանել։ Նոյեմբերյանի բկ-ից  տեղեկացանք, որ այնտեղ Վ. Մանուչարյանին էլեկտրոկարդիոգրամա է արվել, նաեւ՝ ռենտգեն, նրանից անալիզներ են վերցվել։ Որպես  մահվան պատճառ՝ նշվում է  ինֆարկտը, որ հանգեցրել է թոքի այտուցման։ Նոյեմբերյանի բկ-ում նաեւ կորոնավիրուսի արագ թեստավորում է արվել, որի պատասխանը դրական է եղել։ Նոյեմբերյանցի բժիշկների  վկայությամբ՝ կորոնավիրուսի արագ թեստերի արդյունքի սխալվելու հավանականությունը փոքր չէ, չսխալվելու համար ՊՇՌ  թեստ են կատարում, ինչը ծանր վիճակում գտնվող Վ. Մանուչարյանի  դեպքում  չէր կարող արվել։ Իջեւանի բկ-ի տնօրեն Էդուարդ Գրիգորյանին հարցրի, թե ինչու իրենց մոտ չեն հոսպիտալացրել ծանր վիճակում գտնվող Վ. Մանուչարյանին, նրան ռեանոմոբիլով կամ սանավիացիայով Երեւանի որեւէ բուժհիմնարկ չեն ուղարկել, այլ ուղարկել են ետ՝ Նոյեմբերյանի բկ: Նա ասել է, որ Նոյեմբերյանի բկ  տեղափոխվելը հիվանդի հարազատների  ցանկությունն է եղել, Վ. Մանուչարյանի համար իրենց  բկ-ում քարտ է բացվել, նրան ցուցաբերվել է  առաջին բուժգնություն, ԷԿԳ  է արվել, որը  սրտի աշխատանքի շեղումներ ցույց չի տվել։ Է. Գրիգորյանը հայտնել է նաեւ, որ իրենց մոտ կորանավիրուսի թեստավորում չի արվել, իրենց բկ-ում կորոնավիրուսի բաժանմունք չկա։ Նա, վկայակոչելով Նոյեմբերյանի ԲԿ-ում արված  արագ թեստի պատասխանը, համոզված ասել է, որ Վ. Մանուչարյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել, որի հետեանքով  հիվանդի  թոքերը չեն աշխատել։ Հարց՝ ինչպե՞ս կարող էր ինֆարկտ ստանալուց հետո Իջեւան տեղափոխված Վ. Մանուչարյանի սրտի՝ Իջեւանի բկ-ում արված ԷԿԳ-ն ցույց տալ, որ նրա սիրտը բնականոն է աշխատել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԸՆԿԵՐՈՒՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Դեկտեմբերի 5-ին կկայանան  Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշոր համայնքները միավորող Նոյեմբերյան  խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»  եւ   «Ապրելու երկիր» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ավագանիների ցանկի  3-րդ համարը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար, 1968թ. ծնված, չամուսնացած Հայկանուշ Բեգլարյանն է։ Նա ընտրություններին մասնակցող 3 կուսակցությունների ավագանու թեկնածուների ցուցակի առաջին երեք համարների մեջ ամենամեծ գույքն ու եկամուտներն է հայտարարագրել։

Նա իր հայտարարագրում ներկայացրել է 6 անշարժ գույք՝ 5 բնակարան, որից 3-ը՝ Նոյեմբերյանում, մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Ոսկեպարում, եւ  1 հողատարածք Ոսկեպարում,  2 ավտոմեքենա՝ Lexus gx 470  2004 եւ Land-Rover 2007 մակնիշի։ «Թանկարժեք գույք» բաժնում Բեգլարյանը հայտարարագրել է 20 միլիոն  դրամ ընդհանուր արժեքով ոսկյա եւ  արծաթյա զարդեր։ Նա հայտարարագրել է նաեւ 2,4 միլիոն  դրամ աշխատավարձ, եւս 2 միլիոն  դրամ՝ «Հայկանուշ Բեգլարյան» ԱՁ-ից ստացած եկամուտ։ Դրամական միջոցները հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ բաժնում նա   ներկայացրել է 9 միլիոն  դրամ, 1000 ԱՄՆ դոլար եւ 55 հազար ռուբլի։ Թավշա հեղափոխության սկզբից Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Հ. Բեգլարյանը  միացել է շարժմանը, մասնակցել Երեւանում կայացած ցույցերին: Այդ ընթացքում՝ 2018թ. ապրիլի վերջին մայիսի սկզբին, անհայտ անձը կամ անձինք Նոյեմբերյան քաղաքի նրա բնակարանից գումարի եւ ոսկյա զարդերի գողություն են կատարել, պատճառված վնասը կազմել 5 միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»), սակայն այդ գողությունն այդպես էլ չբացահայտվեց:

Հայկանուշ Բեգլարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի, նրանց դստեր՝ Մարիամիկի  հետ իր լուսանկարները, ներկայանում է  որպես Աննա Հակոբյանի ընկերուհի։ 2019թ. ամռանը Հ. Բեգլարյանը, Նոյեմբերյանի ավտոկայարանի շենքի 24 քառակուսի մետր հատվածը պայմանագրով վարձակալելով, այն վերանորգելուց հետո   հագուստի խանութ բացեց, ինչը նոյեմբերյանցիների մեջ մեծ դժգոհություն առաջացրեց։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս