Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը ու նախանշել նաեւ հետագա քայլերը: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։ Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիեւը եւս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Նկատենք՝ ըստ մամուլի՝ եռակողմ հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 9-ին փաստաթղթերի ստորագրմամբ։ Հանդիպման վերաբերյալ արտահոսքից հետո Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ եռակողմ հանդիպումը կլինի կողմերի համաձայնության դեպքում՝ ակնարկելով նաեւ առարկայական արդյունքի պայմանը։ Դա հենց փաստաթուղթն էր։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը մերժել էր ստորագրել սահմանազատման փաստաթուղթը։ Նոյեմբերի 16-ին Բաքուն ներխուժման փորձ արեց Սիսիանի շրջանի հատվածում, որտեղով ենթադրաբար պետք է բացվի միջանցքը։ Հայկական կողմից զոհերի եւ պատանդների թիվն առայժմ հստակ չի ասվում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է սահմանազատման ռուսական առաջարկներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը բնական համարեց այսպիսի հանդիպումները, քանի որ, նրանց խոսքով, դրանց կարիքը շատ էր հասունացել: Նա այս պահին առաջնային է համարում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց իրականացնելը եւ ողջունեց այն հանգամանքը, որ հայկական կողմը դրան համաձայնել է ռուսական կողմի առաջարկով:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե ռուսական զորքերը շուտով նաեւ Սյունիքում կարող են հայտնվել, նշում է՝ ռուսական զորքերը Հայաստանի հարավում մինչեւ նոյեմբերի 16-ի դեպքերն էլ ներկա էին։ «Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելով՝ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազային, ստանային անհրաժեշտ աջակցությունը եւ կանխեին հարձակումը»,- շեշտում է ռազմական փորձագետը։ Եթե ՌԴ-ն Սյունիքում շատ ավելի վաղուց է ներկայացված, դա արդյո՞ք ինքնիշխանության խարխլում չէ նշանակում. մեր այս դիտարկմանը Ջամալյանը անկեղծորեն է արձագանքում. «Իհարկե, պետք է անկեղծ լինել ու ասել այդ մասին։ Բայց երբ ամեն անգամ խոսում եմ ռուսական գործոնի ազդեցության մասին, դրան զուգահեռ մշտապես շեշտում եմ, որ անգամ շատ թուլացած վիճակում Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, որովհետեւ մեր դաշինքի նշանակությունը որքան մեզ, այնքան էլ ռուսական կողմի համար է կարեւոր»։
Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանությունից անցել է 12 օր, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը չի հրապարակում որեւէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետեւանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որեւէ վարկած չի հանրայնացրել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարեւորագույն վկան եւս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են։
Երեւանի հասարակական տրանսպորտի վարորդները խիստ անհանգստացած են. պատճառը քաղաքապետարանի հայտարարած միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթն է: Պարզվում է՝ այս համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտի վարորդները կհայտնվեն խոշորացույցի տակ: Փոխադրողների միության ղեկավար Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ չի բացառվում, որ այս թեմայի շուրջ առաջիկայում վարորդները բողոքի ակցիաներ իրականացնեն: «Եթե տեղադրեն այդ սարքավորումները, ապա վարորդները «սեւ աշխարհից» դուրս կգան եւ կմտնեն սպիտակ դաշտ, կսկսեն թափանցիկ աշխատել: Չէ, ճիշտ հասկացեք, իրենք թալանչի, գող, ավազակ չեն, այլ ընտանիք պահելու խնդիր են լուծում, օրվա քրտինքով աշխատող մարդիկ են: Շատ լավ եք անում, համակարգ եք փոխում, բայց… շուկան ուրիշ բան է ասում, գնում եմ տունը, կինս իմ առաջ ուրիշ պահանջներ է դնում, չեմ կարողանում ապահովեմ»,- իրավիճակը ներկայացրեց Եղիազարյանը: Մյուս կողմից՝ նկատենք, որ հանրապետությունում վարորդի խիստ պակաս կա, ինչը, մասնագետների խոսքով, պայմանավորված է ցածր աշխատավարձով: «Տարիներ առաջ ես նույն միկրոավտոբուսի վրա ունեի երկու վարորդ, իրենք հերթափոխով էին աշխատում, հանգստանում էին, կենցաղը կարգավորված էր, որովհետեւ եկամուտ կար, իսկ հիմա եկամուտ չկա, այդ մարդիկ իրենց գլխի ճարը տեսել են, մի մասը հանրապետությունից դուրս աշխատանք է գտել, աշխատում է, իսկ ով ի վիճակի չէր գնալու, մնացել, այստեղ է աշխատում… Տխուր է, իսկ ամենատխուրն այն է, որ մեր այս իշխանավորները ծույլիկ են, -3 կարելի է նշանակել իրենց, առարկան չեն պատկերացնում, էլի»,- վրդովվեց մեր զրուցակիցը: