«Ո՞Ր ՔԱՐՏԵԶՆ Է ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ». Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ: Պատգամավորը խոսել է հասարակության մեջ լրագրողական հանրության անելիքների, ինչպես նաեւ կապիտուլիացիայի վերաբերյալ շահարկումների մասին:

 

-Մեկ տարի է՝ պտտվում են կապիտուլյացիա եւ կապիտուլյանտ բառերը: Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ մենք ոչ թե կապիտուլյացիայի ենք ենթարկվել, այլ պարտվել ենք պատերազմում՝ շատ ծանր: Ինչպե՞ս կմեկնաբանեք կապիտուլյացիա եւ կապիտուլյանտ բառերի իմաստն ու տարբերությունը:

-Եթե Դուք ասում եք, որ մենք հիմա խոսում ենք կապիտուլյացիայի մասին, անընդհատ ասում ենք՝ կապիտուլացված երկիրն այն է, որից վերցնում են տարածքներ, ես ասեմ՝ երբ մեր սահմանները գծվում էին, ո՞վ վերցրեց մեր սահմանը. ադրբեջանցիները եկան, մեր ներկայացուցիչները չկային, իրենց GPS-ները միացրին: Սա ինչպե՞ս բնութագրենք: Հիմա Սյունիքում եկել եւ մաքսակետերը դրել են այնտեղ, որտեղ ուզել են, եւ մենք հայտարարում ենք, որ դա ադրբեջանական տարածք է: Եթե չկա դեմարկացիա, դելիմիտացիա, մենք ոչինչ չգիտենք, ճշգրտում չի արվել, ի՞նչ հիմքով ենք ասում, որ դա ադրբեջանական տարածք է: Ո՞վ է տեսել այդ քարտեզները,

Խորհրդային Միության ո՞ր քարտեզն է հիմք ընդունվում: Մի անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ 1920 թվականի քարտեզներն են հիմնավորված: Իսկ 1920թ. քարտեզներով այդ տարածքները մերն են, ինչո՞ւ է խոսվում, որ դրանք ադրբեջանական են: Հիմա մեր երկիրը, իհարկե, չեմ ուզում այդ բառն ասել, դա շատ վատ է երկրի համար, բայց մենք կապիտուլացված վիճակո՞ւմ ենք, թե՞ ոչ:

-Պետությունը պարտավոր է ապահովել հավաստի ինֆորմացիա: Հաճախ լրատվամիջոցներին մեղադրում են ադրբեջանական քարոզ տարածելու համար:  Ի՞նչ կասեք:  

-Հիմա իսկապես խոսքի իրավունքը նայեք նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից: Այսինքն՝ պետք է հագենա մարդկանց տեղեկատվական քաղցը, բայց միեւնույն ժամանակ այդ քաղցը չպետք է լրացվի տարատեսական ապատեղեկատվություններով: Պետական գերատեսչությունները պետք է լինեն օպերատիվ եւ առաջինը իրենք պետք է տեղեկություն տրամարդեն: Մենք այս խառնիփնթոր իրավիճակում նույնիսկ չգիտենք, թե Հայաստանում քանի լրատվամիջոց կա, որովհետեւ կայքերը իրավաբանորեն չեն երեւում, թե քանի կայք կա գրանցված, եւ դժվար է ասել՝ դրանք լրատվամիջոց են, թե ոչ, որովհետեւ լրիվ այլ խաղի կանոններով են առաջնորդվում, իրենց գործունեությունը որեւէ ոլորտում ընդհանրապես չեն կարգավորում: Մենք քառօրյա պատերազմին շատ օրինակելի ձեւով համախմբվել էինք բոլոր լրատվամիջոցներով, եւ լրագրողական հանրությունը կարողանում էր իրականացնել պետության կողքին քարոզչություն, եւ կար համակարգված աշխատանք: 44 օր մենք միայն տեսանք հաղթանակի կոչեր, այսինքն՝ մենք 44 օր հաղթում էինք, հետո հանրությունը տեղեկացավ, որ մենք պարտվում ենք ու դաժան ենք պարտվում:  Սա շատ կարեւոր է, քանի որ այս ընթացքում լրատվամիջոցների հետ աշխատանք չի կարատվել, միայն եղել են սահմանափակման փորձեր, որեւէ համագործակցություն չի եղել:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԸ

10-ից ավելի զինվորներ, պատերազմից հետո լքելով զորամասը, հրաժարվել են վերադառնալ ծառայության եւ կատարել պարտադիր ժամկետային ծառայության պարտականությունները, ինչի հետեւանքով այսօր հայտնվել են դատարանում: Նախաքննական մարմինը դատարան է ուղարկել զինվորների գործողությունների մասով հարուցված քրեական գործերը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2021 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ինքնակամ լքել է ծառայության վայրը, իսկ 2021 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 10:08-ին, ինքնակամ ներկայացել ՌՈ բաժին եւ հայտարարել, որ հրաժարվում է կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները: Բաբկեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2021թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ինքնակամ լքել է ծառայության վայրը, իսկ 2021 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, ինքնակամ ներկայացել ՌՈ բաժին եւ հայտարարել, որ հրաժարվում է կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները:

Նարեկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20:00-ին, ինքնակամ ներկայացել է ՌՈ բաժին եւ հայտարարել, որ հրաժարվում է կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները:

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ

Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպում։ Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդում է Kremlin.ru-ն՝ հավելելով՝ բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։ «Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։ Բացի եռակողմ հանդիպումը, նախատեսվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։

 

 

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՎՈՅԱԺՆԵՐԻ» ՄԱՍՈՎ

ՀՀ ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացնում առողջապահության նախարարի գործողությունների մասով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

 

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մամուլի հրապարակումը՝ կապված նախարարի հետ: Դատախազությունը նախարարի գործողությունների ուսումնասիրության հետագա գործընթացը հանձնարարել է Քրեական ոստիկանությանը, այլ կերպ ասած՝ ոստիկանության 6-րդ վարչությանը։ Հիշեցնեք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Այս իրավիճակը հատկապես խոսուն է այն ֆոնին, երբ օրերս Շտապօգնության ծառայության վարորդները կորոնավարակի այս սուր իրավիճակում մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել եւ պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե աշխատավարձի բարձրացման համար գումարներ չկան: Փաստորեն, Շտապօգնության ծառայության վարորդներին պատշաճ վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան։

Հարկ է նշել, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել, որովհետեւ նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ եւ, հետեւաբար, հրատապ որեւէ տեղ հասնելու եւ կյանքեր փրկելու խնդիր չունի: Իրականում նախարարը չի ցանկացել Տավուշ կամ Սյունիք երկար ճանապարհ կտրել հասնել՝ գերադասելով իր տեղակալների հետ ուղղաթիռով երթեւեկել, եւ ոչինչ, որ դա կլինի գերթանկ:

Ի դեպ, օրերս նախարար Անահիտ Ավանեսյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, հպարտորեն նշել էր. «Այո՛, գործուղվել եմ Սյունիք, եւ հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղեւորվել հեռավոր մարզ շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները»։ Դատելով նախարարի պատասխանից՝ իրավապահների գործողությունները նրան ոչինչ չեն ասում, եւ նա շարունակելու է իր «վոյաժները»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 




Լրահոս