ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄՆ ՈՒ  ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ղեկավարման օրոք բանակում «բեսպրիդել» է տիրում, եւ ԳՇ պետը տեղյակ  չէ տիրող իրավիճակից, գաղտնիք չէ ոչ ոքի: Խոսենք փաստերով. այս տարվա օոգոստոսի 19-ին Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայող էր սպանվել: Մեզ հասած լուրերի համաձայն՝  երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբկալվել էին ժամկետային զինծատայող Ա.Հ-ն. նախնական տեղեկություններով՝ ենթադրյալ սպանություն կատարող զինվորը իրավապահներին հայտնել էր, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը կպնելու դեպքից տեղյակ են եղել դոմիկում գտնվող երեք ժամկետային զինծառայողները: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է դոմիկ, որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությանը կպել է, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին ու դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել:

 

Տպավորությունն այնպիսին էր, որ այս դեպքից հետո Գլխավոր շտաբը պետք է սթափվեր եւ զորամասերում խիստ հսկողություն սահմաներ նմանօրինակ դեպքերը բացառելու համար: Այսինքն՝ դիրքի ավագները պետք է զինվորների միջեւ առաջացած տարաձայնությունների մասին տեղյակ պահեն իրենց վերադասներին եւ կոնկրետ քայլեր ձեռնարկեն հնարավոր ողբերգական դեպքերը բացառելու համար: Իրավիճակը,  սակայն, այլ է:  Եվ, ահա, ամիսներ անց՝  նոյեմբերի 21-ին, հերթական  սպանությունն է  կատարվում:

Նախ ամենասկզբից. օգոստոսի 21-ին Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց է, որ Զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: «Պայմանագրային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.), նախնական տվյալով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»:

Սակայն պարզվում է, որ  պայմանագրային  զինծառայողը  զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով չի մահացել, այլ նրան պարբերաբար նվաստացրել են, ծեծել եւ վերջում սպանել, որից հետո ասել են, թե նա մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Այս դեպքով Հայաստանի Հանրապետության զինվորական քննչական վարչությունը կալանավորել  է երկու անձի, եւ առաջիկայում կալանավորումները կշարունակվեն:

Այս իրավիճակը ցույց է տալիս մեկ բան՝ Գլխավոր շտաբում տեղյակ  չեն, թե ինչ է կատարվում  զորամասերում, եւ այս իրավիճակի միակ պատասխանատուն Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է, որի կա՛մ անգործության, կա՛մ թույլ ղեկավար լինելու հետեւանքով ով ինչ ուզում, անում է:

 Ք.Մ.

 

 

ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվել, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առեւտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ:

 

ՊԵԿ-ից  ArmLur.am-ին հայտնում են, որ, մեծածախ առեւտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով, պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե իրենցից պահանջում են, որ մատակարարված ապրանքների դիմաց համապատասխան փաստաթղթեր չկազմվեն: Ձեռք բերվող տեղեկությունների լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ամենօրյա ռեժիմով միջոցառումները միաժամանակ իրականացվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար տնտեսվարողների մոտ: Սկզբում հետազոտվել են առեւտրային կետերում առկա չփաստաթղթավորված ապրանքային մնացորդները, այնուհետեւ պարզվել են դրանց մատակարար տնտեսվարող սուբյեկտների տվյալները, մատակարարումների հաճախականությունը եւ ծավալները: Դրանից հետո աշխատանքները շարունակվել են մատակարումներ իրականացրած անձանց մոտ` համադրելով ձեռք բերված փաստական տվյալները հաշվապահական ձեւակերպումների հետ: Ստացված ելակետային տվյալների հիմքով՝ ՕՀ միջոցառումների շրջանակներում բացահայտվել են հարկային իրավախախտումներ կատարած անձանց շրջանակը, միաժամանակ հաշվարկվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար անձանց ստվերային շրջանառության ծավալները:

Արդյունքում  131 հարկ վճարողի մոտ արձանագրվել է առանց համապատասխան ձեռք բերման  փաստաթղթերի  ապրանքներ, իսկ վերջիններիս առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքներ է մատակարարել 107 հարկ վճարող: Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման եւ կանխման շրջանակներում, վերը նշված 131 տնտեսվարող սուբյեկտներից արդեն իսկ 45-ը ներկայացրել է ճշտված հաշվարկներ, որի արդյունքում իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 339 միլիոն դրամով: 8 դեպքով հայտնաբերվել է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա չդրոշմապիտակավորված ապրանքներ: Այս դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն համապատասխան վարույթներ իրականացնելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ինչպես ապրանքների մատակարար, այնպես էլ գնորդ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին միմյանց միջեւ կատարվող գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից: Նշված մատակարար հանդիսացող հարկ վճարողների մոտ աշխատանքեր են տարվում վարչական պատասխանատվության հարցը լուծելու, միաժամանակ պակաս վճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ:

Ն. Պ.

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Վերմիշյանի գործով միջնորդություն է ներկայացրել դատարան: Ի՞նչ միջնորդության մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ն փաստացի իր մտերիմ Ջ.Ֆ.-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների եւ սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու եւ Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը: Ապա Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն, դրա դիմաց Ջ.Ֆ.-ից ստանալով խոշոր չափի՝ 952 հազար դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, Վ.Վ.-ն Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ նախաձեռնած Զ.Հ.-ից խաբեությամբ հափշտակել է 1 միլիոն 193 հազար 575 դրամ գումարին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։

Երբ Վերմիշյանին կալանավորեցին, նա քաղաքացիական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Վերմիշյանը պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաեւ հրապարակային ներողություն խնդրել Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար բարի համբավը արատավորելու համար։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Վերմիշյանի այս քաղաքացիական հայցը վաղեմության ժամկետի հիմքով կարճել: Վերմիշյանի փաստաբանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը: Դատելով միջնորդությունից՝ վարչապետը ընդունում է, որ զրպարտել է, սակայն դա անցել գնացել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս