ԹԵՀՐԱՆԻ ՎԱԽԵՐՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի վերջին այցը Իրան բավականին հետաքրքիր էր։ Իրանում նախագահ Էբրահիմ Ռաեսիի ընտրությունից եւ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո սա Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին այցն էր Թեհրան։ Ու այս առումով այցը դառնում է ուշագրավ, քանի որ բոլորին է քաջ հայտնի, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հետ մեկտեղ ոչ պակաս ակտիվությամբ հանդես էր գալիս նաեւ Թուրքիան, եւ պատերազմն իր արձանագրած արդյունքներով բավականին շոշափեց նաեւ իրանական շահերը։ Բացի այդ, ե՛ւ պատերազմական իրականությունը, ե՛ւ հետպատերազմական իրականությունն այնպիսին էին, որ Թեհրանն ինքը սկսեց զորքեր կուտակել իր հյուսիսարեւմտյան սահմաններին։ Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իրանին անհանգստացնում է ամեն բան՝ սկսած Հարավ-Կովկասյան ռեգիոնում սահմանների անձեռնմխելիության պահպանումից մինչեւ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» գործարկումը, որը Ադրբեջանի բուն տարածքը կապելու է Նախիջեւանի ԻՀ հետ Հայաստանի տարածքով, եւ, բացի այդ, նաեւ Թեհրանին անհանգստացնում է այն, որ հնարավոր է, որ Մերձավորարեւելյան կոնֆլիկտը տեղափոխվի Կովկաս, ինչը նաեւ նշանակում է, որ իրանաթուրքական դիմակայությունն է տեղափոխվելու Կովկաս։

 

Ի սկզբանե արձանագրենք, որ ներկայիս ռեգիոնալ քաղաքական իրավիճակում Անկարան ունի բավական հետաքրքիր եւ արժեքավոր խաղաթղթեր, եւ, կարելի է ասել, որ Չավուշօղլուն գնացել էր Թեհրան այդ խաղաթղթերը խաղարկության մեջ դնելու։ Ուստի հասկանալի է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ իրանցի իր գործընկեր Հոսեյն Աբդոլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարության ենթատեքստն առ այն, որ Անկարան պատրաստ է երկարատեւ համագործակցության եւ Թեհրանի հետ աշխատելու, եւ այդ համագործակցությունը պիտի փաստաթղթավորված լինի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցին ընդառաջ, որպեսզի, հասկանալի է, վավերացվի երկու նախագահների կողմից։

Ըստ էության կարող ենք ասել, որ Իրանին Անկարան ինչ-որ գործարք է առաջարկելու, բայց թե ինչպիսի, դժվար է ասել։ Նաեւ դժվար է ասել, թե Իրանը կհամաձայնի արդյոք այդ գործարքին։ Ի վերջո, իրանաադրբեջանական հարաբերությունների վերջին լարման ընթացքում, որին Անկարան ամենեւին էլ անտարբեր չմնաց, փորձագիտական-վերլուծական շրջանակներում բավականին ակտիվ կերպով քննարկվեց այն տեսակետը, թե Իրանին ինչ-որ բան էր խոստացված եղել, որ կստանա՝ ղարաբաղյան 44-օրյա պատերազմում իր այն դիրքորոշման դիմաց, որը նա ունեցավ, գոնե հանրային բաց կամ հասանելի մակարդակում /ասենք Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնումը շնորհավորելով/, բայց չի ստացել, ու հիմա նյարդայնացած է։ Հնարավոր է, որ ի վերջո Թեհրանը ստանա այն, ինչ ուզում է, թեկուզ այն բանի դիմաց, որ իր հերթին երաշխավորի, որ որեւէ կերպ իրանցի կրոնավորները, որոնք շատ լուրջ ազդեցություն ունեն Ադրբեջանում հավատացյալ մահմեդականների վրա, չեն անի քայլեր, որոնք կարող են խաթարել Իլհամ Ալիեւի վարչակարգը։ Իրանական դիվանագիտությունը եւս հայտնի է իր ճկունությամբ եւ բազմաշերտությամբ, ու առաջիկա ամիսները կարող են լինել բավական հետաքրքիր իրանաթուրքական հարաբերությունների զարգացումների առնչությամբ։

Ն. Պ.

 

 

ՊԱՐԿԸ՝ ԱՂԲԱՆՈՑ

Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածում, անհայտ անձը կամ անձինք սպիտակ պարկերով աղբը նետել են  ավտոճանապարհից ներքեւ՝  ճանապարհի եզր՝ գոյացնելով աղբանոց։ Դիլիջանցիներն այդ կապակցությամբ հարց են տալիս, թե օրերս  Դիլիջան այցելած շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը չի տեսել արդյոք աղբավայրի վերածված ազգային պարկի տարածքը։

 

 

ՄԵՂՄ ԱՍԱԾ՝ ԱՆՇՈՒՔ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի դպրոցում մեկնարկել է Մաթեմատիկա առարկայի օլիմպիադան։ Դպրոցի դասասենյակները խիստ անբարեկարգ են, լուսավորության ցանցը՝ խափանված, պատերն ու հատակը՝ առանց նորոգելու, մեղմ ասած՝ անշուք։ 2021թ. 10 ամսում Տավուշի մարզպետարանի աշխատակազմը՝ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա կողմից 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, պետական բյուջեից ստացել է 68 միլիոն դրամ պարգեւավճար։ Պետական բյուջեում մարզպետարանի աշխատողներին  պարգեւավճարի փող կա, սակայն սահմանամերձ  Ոսկեվանի գյուղի  դպրոցի դասասենյակները նորոգելու համար՝ ոչ։

 

 

ՁԵՎԱՑՐԵԼ Է

Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզպետարան  գրավոր հարցում եմ ուղարկել, որտեղ հարցրել եմ, թե Տավուշի մարզպետարանն ինչ միջոցներ է ձեռնարկել Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի ափին անտառային շերտն ավերելը, ապօրինի մեծ շինարարությունը կանխելու, դրա հետեւանքները վերացնելու համար։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի պատասխանում ասված է. «Ներկա ժամանակահատվածում Իջեւանի գինու, կոնյակի գործարանը կատարում է տարբեր շինարարական աշխատանքներ։ Խնդրում ենք հստակեցնել, թե Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից իրականացվող որ շինարարությունը նկատի ունեք»։ Հարցիս մեջ հստակ նշված է, որ այն վերաբերում է Աղստեւ գետի ափին անօրինական շինարարութանը, Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ), գետի տարածքում կատարել է շինաշխատանքներ, որի հետեւանքով Իջեւանի դենդրոպարկը եւ Աղստեւ գետը կրել են մեծ վնասներ՝ գետի ավերված հունը (700-800 մետր երկարությամբ), գետափին գործարանի սարքած կառույցները, շինարարության հետեւանքով գետափին վերացած ժայռը (1870 խմ ծավալով), Իջեւանի դենդրոպարկից կորսված-քշված կես հեկտար հողը (մի քանի հազար խմ ծավալով), դենդրոպարկի չորացած ծառերը, ավերված ջրառը։ Այդ խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու գործարանին տուգանել է 216 հազար դրամի եւ  350 հազար դրամի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՍԴ-Ն ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ նոյեմբերի 23-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժեց։

 

Նախորդ դատական նիստին Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ եւ 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։

Ըստ պաշտպանի՝ Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, եւ որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորը, առանց ԱԺ համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից, սակայն գործող կարգավորումները չեն նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ, միեւնույն ժամանակ սահմանադրական նորմը նախատեսում է բոլոր իրավիճակների վրա տարածվող անձնական անձեռնմխելիություն։ Նշենք, որ այս ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա շարունակում է մնալ կալանքի տակ:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա կալանավորվել, Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում է 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Ն. Պ.




Լրահոս