«ԿԱՏԱՐՎԵՑ ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ». ԼԻԴՈՒՇԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել երգչուհի Լիդուշիկի (Լիդա Առաքելյանի) «Մայրիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգի գաղափարը գեղասահքի Հայաստանի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանինն է եւ նվիրված է իր մայրիկի՝ Արմինեի հիշատակին:

 

«Մեր ընտանիքների մտերմությունն արդեն 40 տարվա պատմություն ունի, եւ երբ եղավ մտահղացումը, ես սիրով ընդունեցի այն: Ամեն բան արվեց, որպեսզի ստեղծվի որակյալ եւ գեղեցիկ ստեղծագործություն: Երգի երաժշտության, գործիքավորման հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Տեսահոլովակը նկարահանել է Սլավիկի մտերիմ ընկեր Դավիթ Ավետիսյանը, ով ժամանակին նույնպես զբաղվել է գեղասահքով»,-նշեց երգչուհին:

Լիդուշիկի խոսքով՝ ինքն ու Սլավիկը արդեն միասին աշխատելու փորձ ունեցել են. «Սլավիկը տարիներ առաջ նկարահանվել է իմ՝ «Սրտում առաջին սեր» տեսահոլովակում, քանի որ ամբողջ տեսահոլովակը նկարահանվել է սառույցի վրա: Այս տեսահոլովակը նկարահանելիս նույնպես շատ լարված եւ հուզմունքով լի պահեր եմ ունեցել, եւ, բացի, դա շատ ցուրտ էր, փորձում էինք արագ ու դրական մթնոլորտում անցկացնել նկարահանումները»:

Երգչուհուց  ArmLur.am-ը հետաքրքրվել է նաեւ առաջիկա անելիքներից:

Լիդուշիկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով կատարվելու է նրա ամենամեծ երազանքներից մեկը: «Վերջապես բացելու եմ իմ երգի ստուդիան, որտեղ դասավանդվելու են երգ, պար, ոճաբանություն եւ բեմական արվեստ: Ստուդիան կոչվելու է «Լիդուշիկի երգի ստուդիա»:

Լիդուշիկը նաեւ հայտնեց, որ շուտով կներկայացնի նաեւ նոր դուետ երգիչ Ավո Ադամյանի հետ: «Երգը նվիրված է բոլոր քույրերին եւ եղբայրներին, շատ գեղեցիկ աշխատանք է սպասվում, եւ համոզված եմ, որ այն շատերին դուր կգա: Իրականում երգի գաղափարը ծնվել է դեռեւս «Խաբկանք» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Բացի այս, 2022 թ. սկզբին կունենամ նոր եգեր տեսահոլովակներով, որոնք սիրով կներկայացնեմ իմ երկրպագուներին»:

Նշենք, որ Լիդուշիկը նկարահանվում էր «Խաբկանք» հեռուստասերիալում, որը երգչուհու առաջին փորձն էր նման նախագծում:

Երգչուհին այս պահին այլ ֆիլմերում կամ հեռուստասերիալներում նկարահավելու առաջարկներ չունի, բայց լինելու դեպքում, եթե  համապատասխանեն նրան, սիրով կընդունի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը տրվեց բեմանկարչական ցուցահանդեսով, որը բացվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

 

Ցուցահանդեսում ներկայացված էին հայ թատրոնի  անվանի բեմանկարիչների աշխատանքներ՝ բացառիկ ցուցանմուշների  տեսքով, սկսած հեռավոր ժամանակներից մինչեւ մեր օրերը։

Ցուցահանդեսի գաղափարը փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է, որը վերջերս է կյանքից հեռացել: Այն կյանքի է կոչել եւ համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է  հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության եւ արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։ Ցուցահանդեսը հասանելի կլինի այցելուների համար մինչեւ նոյեմբերի 24-ը։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարեց Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին հանձնվեց բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» /փորձարարական խաղ/ առցանց ներկայացումը՝ ըստ  Ա. Չեխովի «Բալենու այգին» պիեսի։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է, Ռանեւսկայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։ Այս ներկայացման ձեւաչափն անսովոր էր հանդիսատեսի համար. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք էր գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացքում այն հեռակառավարման վահանակի դեր էր տանում, եւ սյուժետային գիծը հնարավոր էր փոխել՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։

Իգոր Գոլյակը (ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար) վիրտուալ թատրոնի ֆենոմենի հայեցակարգի եւ ուղղորդման համար համավարակի ժամանակ արժանացել է միջազգային ճանաչման: Գոլյակն ստացել է 2020 թվականին Էլիոթ Նորթոնի մրցանակը, որպես «Արլեկին Փլեյերս» թատրոնի վաստակավոր ռեժիսոր՝ «Քարը» նախագծի համար, եւ նույն թվականին առաջադրվել է նաեւ Արլեկին Փլեյերս թատրոնի «Ճայը» աշխատանքի համար: Նա Բոստոնի կոնսերվատորիայի դոցենտ է եւ ավելի քան մեկ տասնամյակ դասավանդել է թատերական արվեստ: Նա Իգոր Գոլյակի դերասանական ստուդիայի հիմնադիրն է եւ Արլեկին Փլեյերս Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների Միացյալ Նահանգներում եւ այլ երկներում։

 

 

ՆՇԵԼ Է ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻՆ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից առաջ նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներին։ «Բոլորն ասում են, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է։ Ես չեմ հերքի դա, բայց դեռ պետք է զարգանանք, դառնանք իսկապես ուժեղ թիմ։ Սակայն այս մրցաշրջանում ֆավորիտներ են նաեւ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Ռեալը», «Աթլետիկոն»։ Շատ թիմեր կարող են պայքարել հաղթանակի համար»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։ «Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։

 

 

ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կլիներ նախագահ, եթե զբաղվեր քաղաքականությամբ։ «Սպորտը միավորում է մարդկանց, քաղաքականությունն անում է հակառակը։ Լեբրոն Ջեյմսին կոչ էի արել չզբաղվել քաղաքականությամբ, բայց նա պայքարում է նաեւ ռասիզմի դեմ։ Այդ հարցում նա ճիշտ է։ Երբ 50 հազար մարդ ինձ անվանում է «անդուր գնչու», դա նույնպես ռասիզմ է։ Ես դեմ եմ դրան, բայց ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես զբաղվում եմ սպորտով։ Այսպես ես տարածում եմ սեր։ Իսկ եթե լինեի քաղաքական գործիչ, կդառնայի նախագահ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է The Guardian-ը։ Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ կողմերը մեկ տարով էլ կերկարաձգեն համագործակցությունը։

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վստահ են, որ առաջիկայում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին կփոխարինի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը. հաղորդում է իսպանական Marca-ն՝ հղում անելով իր աղբյուրներին փարիզյան ակումբում։ Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը գլխավոր մարզիչի պաշտոնից նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին հեռացնելուց հետո արգենտինացի մասնագետին համարում է լավագույն տարբերակը։ Զիդանն էլ անցած մրցաշրջանից հետո դեռ մարզչական աշխատանք չունի։ Նա Անգլիայում աշխատելու ցանկություն չունի եւ սպասում է առաջարկների ՊՍԺ-ից կամ Ֆրանսիայի հավաքականից։




Լրահոս