Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի համար «Ազատագրական շարժման» պահանջն առնվազն տարօրինակ է: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ երեւակայական, գոյություն չունեցող փաստաթղթի դեմ են պայքարում: Նշենք, որ նոյեմբերի 22-ից սկսած՝ «Ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը, գլխավորությամբ «5165» շարժման առաջնորդ, Արցախի ազգային հերոս Մենուա Հարությունյանի մոր՝ Կարին Տոնոյանի, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի, լրագրող Նաիրի Հոխիկյանի ու այլոց, քաղաքացիներին համախմբման ու իրենց միանալու կոչ են անում, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց իրենց իմացության սահմանագծման ու սահմանազատման մասին որեւէ փաստաթուղթ չստորագրի ու չհամարձակվի միջանցք տրամադրել Ադրբեջանին: Ըստ պատգամավոր Բադալյանի՝ ՀՀ քաղաքացիներն իշխանությունների ու մյուս ուժերի նկատմամբ վերաբերմունքն ամիսներ առաջ արտահերթ ընտրությամբ են արտահայտել: Բացի այդ, հրապարակ դուրս եկածները բողոքի պիկետներն իրականանցում են այն նույն ձեւով, ինչպես որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար, հավելում է պատգամավորը, այս ամենը, նոր համարել չի կարելի:
-Ի՞նչ կարծիք ունեք փողոցային պայքարի մասին: Ընդդիմությունը նման ակցիաներով կհասնի՞ իր համար ցանկալի արդյունքի:
-Երբ ասում ենք՝ նոր շարժում, ինձ համար մի քիչ տարօրինակ է, որովհետեւ այսօրվա ակցիաները տեսնելով՝ նոստալգիկ տպավորությունների մեջ էի ես ընկել: Կրկնվում է 2018 թվականի սցենարը՝. սկսած մետրոյում իրականացվող ակցիաներից, ամենօրյա հավաքներ: Ես հնչող կոչերից եւ բերամարթակից լսվող ելույթներում էապես բովանդակություն չեմ տեսնում, որովհետեւ, օրինակ, երեկ ասում էին՝ մենք պահանջում ենք պատասխաններ, պահանջում են փաստաթուղթ, որը գոյություն չունի, պահանջում են հարցեր, որոնց մասին խոսվել է: Այսինքն՝ անկեղծ ասած՝ ես նպատակը չեմ հասկանում: Եթե պետք է ազատագրել, ապա պետք է անել թշնամուց, այլ ոչ թե սեփական հայրենակիցներից: Եթե մեր ժողովրդի մեջ կա ինչ-որ հատված, որին հոգեհարազատ է այն ամենը, ինչ կատարվում է, ապա ոչինչ ասել չեմ կարող:
-Իսկ այդ հատվածը, նման մտածելակերպ ունեցող մարդիկ շա՞տ են: Ինչ-որ բան կկարողանա՞ն անել, կարո՞ղ են ինչ-որ բան փոխել, հասարակական մեծ հնչեղություն ապահովել:
-Ես կարծում եմ, որ ընտրություններն արդեն դրա պատասխանը տվել են, որոնք վաղ անցյալում չեն եղել. խոսքն ընդամենը մի քանի ամսվա մասին է: Այսինքն՝ ընտրությունները տվել են այդ պատասխանները, որեւիցե մեկը ընտրությունների արդյունքները չի վիճարկել, բոլորը վստահ են, որ այդ ընտրությունները եղել են ազատ, արդար ու թափանցիկ՝ անկախ նրանից՝ մեզ գոհացրել են դրանց արդյունքները, թե ոչ: Երկրում էլ իրադրությունը չի փոխվել, նույն վտանգները, նույն խնդիրները, որոնք կային ընտրություններից առաջ, դրանք շարունակում են այսօր էլ ակտուալ լինել: Այսինքն՝ այսպիսի պայմաններում նույն այն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքական գործիչները, անհատները, ՀՀ քաղաքացիները եթե կարծում են, որ հայրենիքը փրկելու համար ունեն հետաքրքիր, նոր, այլընտրանքային գաղափարներ, իշխանությունը բաց է բոլորի հետ քննարկումներ անելու համար: Այն, ինչ հիմա կատարվում է փողոցում, ինձ համար հասկանալի չէ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` Սոչիում երկու օրից կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպում է Ադրբեջանի, այնուհետեւ Հայաստանի առաջնորդների հետ:
Պաշտոնական Երեւանի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ
երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին եւ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Մինչ այդ՝ երեկ՝ ավելի վաղ, Օվերչուկին եւ Ռուդենկոյին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բաքվի հաղորդմամբ` կողմերը նույնպես մտքեր են փոխանակել եռակողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաեւ հետագա անելիքների վերաբերյալ: Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Օվերչուկին տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
«Նշվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը եւ տնտեսական զարգացմանը»,- հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։
Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից բացի, Ալիեւը ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է վերջին պատերազմի հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռուսական ընկերությունների գործունեությանը, ապրանքաշրջանառության ավելացմանը եւ փոխադարձ ներդրումներին վերաբերող հարցեր:
Սոչիում երկու օրից կայանալիք եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման գլխավոր հարցերից մեկը, ըստ վերլուծաբանների, կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»` հարց, որի շուրջ Երեւանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն։
ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՄ
ArmLur.am-ը հայտնել էր, որ Ռաֆիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2021 թվականի ապրիլի 9-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում ՀՀ Վերաքննիչ դատարան է մուտքագրել վերոնշյալ բողոքը քննության առնող նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ «Բացարկ» վերտառությամբ ինքնաբացարկի միջնորդություն, որը քննության է առնվել եւ հրապարակվել է 2021թ. ապրիլի 23-ի դատական նիստի ժամանակ, դրանում, ի թիվս այլնի, նշել է, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած եւ կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու» արտահայտություններ՝ նման կերպ վիրավորելով ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ:
Ամբաստանյալ Ռաֆիկ Գեւորգյանը դատաքննության փուլում հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Ինչեւէ, նախաքննական մարմինը զննել է Ալեքսանդր Ազարյանի կողմից ներկայացված, Ռաֆիկ Գեւորգյանի կողմից վերաքննիչ բողոքի քննության ժամանակ արված դատական նիստի ձայնագրությունների լազերային սկավառակը, որում առկա թվով 20 ձայնագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռաֆիկ Գեւորգյանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին իր բացարկի մեջ արտացոլել է «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած եւ կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու» արտահայտություններ, որի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է տվել Ալեքսանդր Ազարյանը: Արդյունքում Ռաֆիկ Գեւորգյանին մեղավոր են ճանաչել եւ նրա նկատմամբ պատիժ են նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ ավելի ուշ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
ՃԱՆԿՌԵԼ Է ԲՈՒԺՔՐՈՋԸ
Դավիթ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մայիսի 08-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ի 5-րդ բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակում բուժման մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանն անհիմն վիճաբանել է ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ի 5-րդ բաժանմունքի բուժքույր Ալվարդ Մանուկյանի հետ, որի ընթացքում ճանկռել է ձախ այտի շրջանը եւ պլաստմասե տարայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին՝ Ալվարդ Մանուկյանին պատճառելով մարմնական վնասվածք: ՀՀ քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Դավիթ Ռոբերտի Պետրոսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: