2021 թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գեւորգ Ավետյանի՝ մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետեւանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է եւս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:
Կատարված նախաքննության արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար: Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին, նույն օրը՝ նոյեմբերի 19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։
Նույն օրն իսկ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է, եւ նրանք կալանավորվել են:
Արդեն նոյեմբերի 17-ին եւ 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը, որոշում է կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին եւ այլն: Այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու եւ ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար:
«Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ եւ սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ եւ չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության, դրա նկատմամբ դատախազական հսկողության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձեւավորելու համար: Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով եւ կարծիքներով: Դատախազությունն ապահովելու է հետեւողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության եւ հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»:
Ն. Պ.
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան «Տրանսգազ» ընկերության ինքնասպան եղած տնօրենի թոռանը կալանավորելու համար: Նշենք, որ Սերժ Վարդանյանը ՀՀ քննչական կոմիտեում անցնում է մի շարք աղմկահարույց գործերով, եւ սա առաջին դեպքը չէ, որ հայտնի գործարարի թոռնիկները հայտնվում են իրավապահների տեսադաշտում:
2018 թվականին էլ Սարգիս Վարդանյանը ժամը 04:40-ի սահմաններում իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղեւորով երթեւեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ, լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ գերազանցելով 113 կմ/ժ արագությամբ՝ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ՝ գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը եւ հեռացել: Վթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ Արեգ Դավթյանին եւ ուղեւոր Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այս արարքի համար նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, եւ հիմա էլ եղբայրն է իրավապահների տեսադաշտում հայտնվել:
Ի դեպ, այս դե ամիսներ անց՝ հուլիսի 9-ին, իր բնակարանում ինքնասպան եղավ նրանց պապիկը՝ «Տրանսգազ» ընկերության տնօրեն Գազի Կոլյան՝ Նիկոլայ Գաբրելյանը, որի մահը շատերի համար մնաց առեղծված:
ԿԵՆՎՈՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 57-ամյա մի բնակիչ գողություն է արել: Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նա հոկտեմբերի 10-ից 15-ը Ավազան գյուղի մի տնից, որտեղ կենվոր էր, 230 000 դրամ էր գողացել։ Օգտվելով տանտիրուհու բացակայությունից՝ ննջարան էր մտել, սենյակը տակնուվրա արել ու գտել էր փողը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՄԲ
Նոյեմբերի 12-ին՝ կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաեւ լսվել են կրակոցներ: Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի ծառայողներ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ համակարգչային խաղերի սրահում 24-ից 27 տարեկան երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածով` խուլիգանություն եւ զենք-զինամթերք ապօրինի պահելն ու կրելը: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել չորս անձի որպես մեղադրյալ ներգրավելու եւ ձերբակալելու մասին: Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին նրանցից երկուսը ներկայացել են բաժին ու ձերբակալվել: Հետագա միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին եւս մի երիտասարդ գնացել է բաժին եւ ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք ատրճանակը: Նա էլ քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք ու կալանավորվել: Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:
ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ հայտնի դարձավ, որ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մարմինը վերջապես տեղափոխվել է Հայաստան, եւ վերջապես նրա հարազատները հնարավորություն կունենան նրան ամփոփել հայրենի հողում: Կառավարությունից էլ հայտնել են, որ տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի որոշմամբ՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը կտակ է թողել, որով ցանկություն է հայտնել հուղարկավորվել հայրենի Կոթի գյուղում: Հավելենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ լրացել է նրա մահվան քառասուն օրը (քառասունքը), բայց դեռեւս մեր կառավարությանը չի հաջողվում Հայաստան վերադարձնել եւ հայրենի հողում ամփոփել վերջինիս աճյունը: Այս խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում եւ խնդրանքով են հանդես գալիս նաեւ նրա զավակները: Ավելին, երկու օր առաջ նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, կրկին անդրադարձել էր Վանո Սիրադեղյանի աճյունի՝ մինչ օրս չհուղարկավորված լինելու փաստին եւ մտավորականների անտարբերությանը: