Ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, եւ ինչպե՞ս գողերը մտան նրա տուն: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն, եւ դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը:
ՀՀ գլխավոր դատախազը վարչության պետ է նշանակել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանին, որը մինչ այդ ղեկավարում էր ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը:
Հիշեցնենք, որ Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը, այսպես ասած, «սուրբ» հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության՝ Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ: Ավելին՝ Մարիտրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ավելին, 2019 թվականին դատախազ Արսեն Մարիտրոսյանը եւս մեկ ուշագրավ պատության կիզակետում հայտնվեց: Հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Հետապնդել էին Mercedes-ին եւ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը եւ 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սակայն ուշագրավ է, որ դատախազի մարզային կացարանում գողերի համար հարմար շատ իրեր չէին գտնվել:
Ի դեպ, սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ի դեպ, դատաքննությունը այս գողության գործով դեռեւս շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՆԱՁԵՎ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության եւ հայ գերիների վերաբերյալ։ Բանաձեւերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով եւ կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանում ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5200 հեկտարով պակասել են։ Ընդ որում, ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած. օրինակ՝ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, իսկ 2020 թվականին՝ 222 հազար 700 հա: Սրան զուգահեռ նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 19 հազար 400 տոննայով: 2018 թվականի համեմատ՝ այն բավականին պակասել է: Օրինակ՝ 2018 թվականին հավաքվել է 187 հազար 500 տոննա ցորեն, եւ որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է ցորենի բերքատվությունը պակասել, նշենք, որ 2016-ին հավաքված ցորենը կազմել է 350 հազար 400 տոննա:
Նկատենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետեւաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում: Ըստ որոշ մասնագիտական հաշվարկների՝ Հայաստանում եւ Արցախում տարեկան սպառվել է 500 հազար տոննա հացահատիկ, որի 20 տոկոսը ներկրվել է Արցախից: Ըստ Արցախի կառավարության՝ հակառակորդին է անցել շուրջ 95 հազար հեկտար վարելահող, այսինքն՝ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսն անցել է հակառակորդին: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազար հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազար հեկտարը՝ հացահատիկային:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ iPhone-ՆԵՐԻՑ
Apple ընկերությունից նամակ է ստացել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Ընկերությունը Վանեցյանին տեղեկացրել է, որ Pegasus ծրագրի միջոցով հարձակումներ են իրականացվել ոչ միայն նրա, այլեւ նրա մերձավոր շրջապատի ու ընտանիքի անդամների՝ Apple ընկերության հեռախոսների վրա։ «Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տեւական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»,-Facebook-ի իր էջում գրել է Վանեցյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռախոսի նկատմամբ առավել զգուշավոր լինելու հարցում իր մոտ բան չի փոխվել: «Ինչպես նախկինում էի, այնպես էլ հիմա»,- ասում է նա: NSO Group-ին, որ մասնագիտացած է այնպիսի ծրագրեր ստեղծել, որոնք պետական մարմիններին կօգնեն պայքարել ահաբեկչությունների, Apple ընկերությունը դատի է տվել: Ընկերության ստեղծած Pegasus ծրագրով, ըստ Apple-ի, իր օգտատերերը հսկվում ու թիրախավորվում են:
Ստացվում է՝ ընդդիմադիր պատգամավորները առավել ապահով լինելու ու չգաղտնալսվելու համար պետք է հրաժարվեն բոլոր տեսակի iPhone-ներից:
ՉԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹ
Նոյեմբերի 22-ին Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ։ Կես տարի առաջ՝ այդ դպրոցի երկարամյա տնօրեն Ռազմիկ Եսայանի կենսաթոշակի անցնելուց հետո, նշանակվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը երկրորդ անգամ է անցկացվել եւ կրկին՝ անարդյունք։ Դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների ծնողների 2-ական ձայները տրվել է թեկնածու, Բագրատաշենի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սաթեն Օգումցյանի օգտին, իսկ 5 հոգանոց հանձնաժողովը, որի կազմում Իջեւանի տարածաշրջանի 3 բնակիչներ եւ մրցութային հանձնաժողովում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, ՀԿ ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը, Այրում համայնքի Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանն են եղել, միաձայն քվեարկել են դպրոցի տնօրենի թեկնածու, նույնպես Բագրատաշենի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Զարուհի Անտոնյանի օգտին։ Նրանք այդպես են քվեարկել, որովհետեւ ավելի բարձր են գնահատել Զ. Անտոնյանի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը։ Տնօրեն ընտրվելու համար թեկածուն պետք է ստանար 6 ձայն, ինչը չի եղել։ Տնօրենի երրորդ թեկնածուն՝ Դեբեդավանի դպրոցի փոխտնօրեն Լուսինե Գեւորգյանը, ոչ մի քվե չի ստացել։ Բագրատաշենից հայտնեցին, որ նոյեմբերի 23-ին, որպես տնօրենի ընտրության արդյունքների դեմ բողոքի ակցիա, այդ դպրոցում դասադուլ է եղել, աշակերտները դպրոց չեն գնացել։ Մեկ ամսից Բագրատաշենի թիվ 1 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կանցկացվի։
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Իջեւանի շուկայի շենքում ամիսներ առաջ բացված «Ֆրեշ» սուպերմարկետն ավելի է սրել հանրախանութների ոլորտում մրցակցությունը։ Բացի« Ֆրեշից», Իջեւանում գործում են «Բազե» սուպերմարկետների ցանցը եւ «Իջեւան Սիթին»։ «Իջեւան Սիթի» սուպերմարկետը չի դիմացել մրցակցությանը, այս սուպերմարկետի առաջին հարկը, որտեղ գործում էին սննդամթերքի բաժինները, գնորդների առաջ փակվել է։
ԳՈՂԱՑԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթանում է Էրիկ Ոսկանյանի դատավարությունը; Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021թ. մայիսի 16-ին՝ ժամը 22?00-ի սահմաններում, ապակին ջարդելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքի Շիրազի 1 հասցեում գտնվող, փաստացի Արթուր Գուրգենի Մելիքյանին պատկանող առանձնատան երկրորդ հարկի ննջասենյակ եւ այնտեղից գողացել պղնձյա կաթսա, թեյնիկ եւ ալյումինե լար։ Բերդ քաղաքի բնակիչ, 2005թ. ծնված, Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Է. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել մոր՝ Սոնյա Ղազարյանի հսկողությանը հանձնելը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ