Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման ենք ներկայացրել սովորողների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգը՝ նոր խմբագրությամբ։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դրանով փորձ է արվել կարգավորել պրակտիկայում առաջացող տարբեր հարցերը՝ ելնելով երեխայի լավագույն շահից։
«Սահմանել ենք, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ դպրոցը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է, կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից: Տնօրենները հնարավորություն կստանան մինչեւ տվյալ տարվա մայիսի 20-ը դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին՝ տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով, առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Այսպիսով, կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները՝ հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված: Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող երեխաների ընդունելությունը կիրականացվի առանձին էջի միջոցով սահմանված ժամկետում՝ խուսափելով այն դեպքերից, երբ օտար լեզվով ուսուցման իրավունք չունեցող երեխային գրանցում էին այդ լեզվով ուսուցման տեղում։ Առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ կհեշտացվի երկյակ, եռյակ եւ ավել երեխաների հայտագրումը. նրանցից մեկին հայտագրելու դեպքում մյուսը կամ մյուսները կհամարվեն հայտագրված։ Հաջորդ դասարան փոխադրված եւ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչեւ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը դպրոց դիմելու դեպքում հնարավորություն կստանա ուսումը շարունակել համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի եւ տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների եւ ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ: 16 տարին լրացած կամ տվյալ տարում լրացող եւ հիմնական կրթության վկայական չունեցող երեխաների համար հստակեցվել է հիմնական կրթության վկայական էքստեռն կարգով ստանալու եւ կրթությունը շարունակելու պայմանը։ Հստակեցվել են նաեւ ժամկետները»,-մանրամասնել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը:
Ն. Պ.
ԱՌԱՋԱՐԿՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO): Team Telecom Armenia ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն քննարկում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով հանդես գալու հնարավորությունը: Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու այս մտադրությունը պայմանավորված է ընկերության երկարաժամկետ ռազմավարական ծրագրով, զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ ոլորտի առաջատար դառնալու հստակ հեռանկարով: 2020թ. հոկտեմբերի վերջին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձեւավորվեց լիովին հայկական օպերատոր՝ Team Telecom Armenia-ն: Այս մեկ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների հզորագույն թիմը միահամուռ ուժերով զարգացնում է ծառայությունները, բարելավում եւ արմատապես թարմացնում ցանցը, ձգտում դառնալ լավագույնը հաճախորդների համար: «Վերջին տասը տարիների ընթացքում ընկերությունն առաջին անգամ ցուցաբերել է հասույթի աճ, որը 2021 թվականի 9 ամսվա կտրվածքով 7,3%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մեր թիմի համար սա շատ ոգեւորիչ է եւ միաժամանակ պարտավորեցնող, վստահ ենք, որ կարող ենք զարգանալ է՛լ ավելի արագ։ Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում մենք նախատեսում ենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել եւ ցույց տալ զարգացման է՛լ ավելի դինամիկ արդյունքներ», – նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները իրականացնելուց հետո բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի, Team Telecom Armenia-ի գործընկեր, հաճախորդ կամ աշխատակից կկարողանա դառնալ բաժնետեր եւ ներդրում անել իր եւ Հայաստանի ապագայի համար:
ԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՉԱՏ-ԲՈՏԸ
«ՎՏԲ-Հայաստան» բանկը մեկնարկել է բանկային շուկայում առաջին չատ-բոտը: «ՎՏԲ-Հայաստան» բանկը մեկնարկել է երկրի բանկային շուկայում նմանօրինակ չունեցող Չատ-բանկ DIRECT անվամբ բոտը WhatsApp եւ Facebook մեսենջերներում: Ծառայության օգնությամբ բանկի հաճախորդները կարող են կատարել բանկային գործարքներ անմիջապես իրենց WhatsApp եւ Facebook մեսենջերների միջոցով: Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց բանկ այցելելու կարելի է դառնալ «ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդ: Դեռեւս հաճախորդ չհանդիսանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները եւ անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու եւ անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ իր կողմից նախապես ընտրված մասնաճյուղում։
Չատ-բանկ DIRECT ծառայության միջոցով կարելի է նաեւ ստանալ վարկ, արագ դրամական փոխանցում քարտին, ներդնել ավանդ, ինչպես նաեւ ստանալ տեղեկատվություն գործող պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ: Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է ավելացնի բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում եւ WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով:
Ծառայությունն ակտիվացնելու մեկ այլ միջոց. Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով, ապա գրել «Start» բառը կամ պարզապես նամակի տեսքով «Start» բառն ուղարկել բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Ի պատասխան «Start» բառի՝ չատ-բոտը ծառայությունն ակնթարթորեն սկսում է հաղորդակցվել հաճախորդի հետ: «Մենք շարունակում ենք զարգացնել բանկին եւ հաճախորդներին միմյանց հետ կապող սպասարկման թվային ուղիները: Համոզված ենք, որ Չատ-բանկ DIRECT-ը կօգնի էապես նվազեցնել մեր Կոնտակտային կենտրոնի ծանրաբեռնվածությունը եւ խնայել հաճախորդի՝ պատասխանի սպասելու ժամանակը: Չատ-բոտը նվազագույնի է հասցնում նաեւ մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով հաճախորդներին ավելի արագ եւ անվտանգ սպասարկում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: