Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները հատկապես վերջին երկու տարվա ներքաղաքական եւ համավարակի շրջանում ակտիվորեն սկսել են ոչ միայն արտագաղթել, այլ նաեւ զբաղվել բիզնես հիմնելով՝ մեծացնելով սեփական եկամուտները: Կարճ ասած, Քովիդը սովորեցրեց նրանց զբաղվել բիզնես գործունեությամբ:
Այսպիսով, ArmLur.am-ը փոքրիկ մոնիթորինգ է իրականացրել հայտնիների ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերում եւ արձանագրել է, թե որ երգիչ երգչուհիներն են հատկապես վերջին շրջանում հիմնել սեփական բիզնես, եւ ով ինչ արտադրությամբ է զբաղվում:
Երգչուհի Սիրուշոն 2017թ. հիմնադրել է Pregomesh արծաթյա զարդերի հավաքածուն, որը մեծ ճանաչում ունի նորաձեւության ոլորտում:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով տեւական ժամանակ է, ինչ դաշտում ակտիվ գործունեությանբ չի զբաղվում, պարզվեց, որ ակտիվ գործունեություն է սկսել ծավալել բիզնեսում. նա հիմնել է իր Oregano արագ սննդի կենտրոնը:
Հայտնի ամուսինների շարքից Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը միաժամանակ ունեն երկու ընտանեկան բիզնես՝ առաջինը՝ @arpigabrielyanbeauty սեփական ապրանքանիշը, իսկ երկորդը՝ @mihranarpistudio ստուդիան:
Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով վերջին ժամանակներս հանդես էր գալիս հիմնականում հումորային սիթքոմերում, բացել իր սեփական էսթետիկ կետրոնը՝ @manucharian_aestheti:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, բացի կոմերցիոն միջոցառումներ վարելուց եւ տարբեր ժամանցային նախագծերում հանդես գալուց, ունի նաեւ իր սեփական գեղեցկության սրահը: Նաիրան երկրորդ մասնագիտությամբ դիմահարդար է եւ նաեւ զբաղվում է դասավանդմամբ:
Երգչուհի Արփի Շահնուբարյանը հիմնադրել է իր սեփական պայուսակների արտադրությունը, որոնք շուկայում առանձնանում են ձեռքի ստեղծագործ աշխատանքներով՝ makhmur_handmade:
Ֆրանսիաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը թեեւ ապրում է Փարիզում, բայց Հայաստանում ստեղծել է իր հագուստի սեփական բրենդը՝ Jaquett:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՅԱՑԵԼ Է «ՍԻՄՖՈՆԻԿ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ» ՀԱՄԵՐԳԸ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, հանդես է եկել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգային ծրագրով:
Երեխաների համար նախատեսված համերգին հնչել են հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվել են հատվածներ մուլտֆիլմերից։
Երեկոյի մենակատարներն են եղել Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Մաեստրո Արզումանյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի ներկայացնում է երեխաներին ուղղված համերգային ծրագրեր։ Նա հիշատակում է նաեւ վերջերս ներկայացված Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» երաժշտական նախագիծը, որը նույնպես լավ ընդունելության է արժանացել: Բոլոր նման նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախկինում նույնպես ներկայացրել է մուլտֆիլմերի մեղեդիները, սակայն այս համերգային ծրագրում ներառվել են նաեւ հայկական մուլտֆիլմերի մեղեդիներ։ Երաժշտության նվագախմբային մշակումները կատարվել են Սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Հարություն Արզումանյանը, խոսելով Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ զարմանալի նվագախումբ է։ Շատ ճկուն կոլեկտիվ է։ Հաճախ ենք ունենում բարդ եւ տարբեր ծրագրեր, բոլոր խմբերը՝ եւ՛ լարային, եւ՛ փայտափողային, եւ՛ պղնձափողային խմբերը, հարվածայինները, ֆանտաստիկ դաշնակահարը, բոլորն այնքան ճկուն ու պրոֆեսիոնալ են, որ հեշտությամբ կարողանում են հաղթահարել բարդագույն ծրագրերը։ Հայաստանի պետական սիֆոնիկ նվագախումբն այսօր մեծագույն արժեք է»։
Նվագախմբի հաջորդ համերգը նոյեմբերի 27-ին է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Միքայել Թարիվերդիեւի 90-ամյակին նվիրված երեկո՝ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով։