ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով: «Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում միջնորդության աջակցության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է եւ ջանքեր է գործադրել՝ ուղղված հայ-թուքրական հարաբերությունների կարգավորմանը: Մեր երկիրը պատրաստ է հետագայում եւս դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը, մեր կարծիքով, անմիջականորեն կնպաստեր տարածաշրջանում հասարակության առողջացմանը եւ բարիդրացիության ու երկխոսության ձեւավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է», – ասել է Զախարովան:
«Քննարկվել են տարբեր օրակարգեր՝ ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլեւ փոխգործակցությունը տարածաշրջանում։ Մեր կարծիքով` փորձագիտական մակարդակով նման հանդիպումները լրացնում են ինտենսիվ քաղաքական եւ դիվանագիտական շփումները եւ ամրապնդում են ջանքերը փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ, տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք կարեւոր ենք համարում գործը տանել դեպի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ փորձագիտական երկխոսության մեկնարկը»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո տեղում մաքսային վերահսկողության իրականացման հավանականության մասին հարցին: «Մենք կողմ ենք հանդես գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացմանը: Դրանք առնչվում են այդ թվում եւ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցություններ ապաշրջափակմանը: Այդ կարեւոր հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ երեք երկրի փոխվարչապետերի գլխավորությամբ: Համալիր հարցեր են քննարկվել մեր երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ: Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ իհարկե հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռութունը»,- ասել է Զախարովան:
«Միջազգային փոխադրումներն ապաշրջափակված երթուղիներով իրականացվելու են միջազգային համաձայնագրերի եւ կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- հավելել է դիվանագետը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը։ Պատասխանելով հանդիպման մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ վերջին ճեպազրույցի ժամանակ թեմային մեծ ուշադրություն է դարձվել, եւ մանրամասն մեկնաբանվել է եռակողմ աշխատանքը, եռակողմ ջանքերը, եւ թե ինչպես են դրանք իրականացվում գործնականում։ «Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպումներին, ապա դրանք մեկնաբանելը նախագահի աշխատակազմի իրավասությունն է»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր:
Ն. Պ.
ՔՆՆԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆ
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։ Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։ Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում։ Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում, եւ ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից»։
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ ՔՈՎԻԴԻ ԴԵՄ
«Մեր երկրում Քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա՛մ թերի են, կա՛մ կոսմետիկ բնույթ են կրում: Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որեւէ նորմ»,-նշել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը: «Դժվար է խոսել համավարակի լրջության մասին, եթե համայնքապետարանում հսկայական հերթեր են գույքահարկի վճարման համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են գույքահարկ վճարելու իրենց հերթին: Սպասարկող աշխատակիցը երկար մատյաններում փնտրում է հարկատուին, հետո շատ երկար լրացնում է վճարման անդորրագիրը, մի մասը պատռում, վերադարձնում, հետո հարեւան սենյակներում փնտրում վճարած գումարի մանրը, իսկ հերթը կուտակվում է եւ կուտակվում: Քովիդի օրինակով մենք պարզ տեսնում ենք, որ պետությունը կազմակերպվածության այն մակարդակին չէ, որ կարողանա որեւէ ոլորտում արդյունավետ ծրագիր իրականացնել»,-ասել է նա:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին: «Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից: Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները խելամտություն են դրսեւորել՝ ստորագրելով փաստաթուղթը՝ արյունահեղության դադարեցման եւ խաղաղ երկխոսության անցնելու համար: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է առաջ գնում, ինչի պատճառով տարածաշրջանում լարվածություն է պահպանվում»,- ասել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրը սահմանազատումն է այնպես, որ ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները: «Ռուսաստանն աջակցություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ՝ Պաշտպանության նախարարությունում: Դրանք ստուգված են, ճշգրիտ են եւ բնորոշում են հստակ սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բանակցություններ վստահաբար կարելի է վարել այդ քարտեզների հիման վրա, եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը կողմ են այդ մոտեցմանը… ընմբռնում եւ համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ գնում»,- հավելել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է փոխվարչապետ։
ԴԻՄԵԼ ԵՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՔԱՅԼԵՐԻ
Armlur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով ուշագրավ քայլերի են դիմել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները դիմում են նախկին ու ներկա դատախազներին, քննիչներին, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել Աղվան Հովսեփյանի հետ կամ այլ թեմաներով տարաձայնություն ու հորդորում են գնալ ու Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք տալ Աղվան Հոփսեփյանի դեմ: Արդյունքում, ըստ մեզ հասած լուրերի՝ որոշ գործող դատախազներ չեն տրվել այդ հորդորներին եւ հրաժարվել են գնալ այդ քայլին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Նրան մեղադրանք է առաջադրվել:
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամու գործը մտավ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 11-ից՝ համայնքների խոշորացումից հետո՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպչական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Բերդ համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Մանուչարյանը կալանավորված է: