«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս գործով առաջին զոհը ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն է: Արդյունքում դատական համակարգում ներքին քննարկում է եղել, որ գործը փլվելու է դատարանում, քանի որ չեն կարող օրենքով Հարությունյանից խլել նրան պատկանող գույքը: Ավելին, դատական համակարգում եկել են այն համոզման, որ այս գործով իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասով:
Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը պաշոնանկ եղավ այն բանից հետո, երբ Պապիկյանի դատվածության մասին տեղեկությունը սպրդեց մամուլ: Այսինքն՝ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել էր իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար, սակայն այդպես էլ ոչինչ չկարողացան ապացուցել: Սերոբ Հարությունյանն արդարացվեց, քանի որ չհիմնավորվեց կասկածը, որ նա էր Պապիկյանի մասով ինֆորմացիան մամուլին պատմել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։