ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակեց 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

Ստրասբուրգյան դատարան չի համարում, որ խախտվել է դպրոցականի կյանքի իրավունքը։

«Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը»,- ասված է դատարան կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում պնդել էին՝ Դերենիկը մահացել է դպրոցի տնօրենի ու ուսուցիչների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետևանքով, երբ երեխան նրանց հսկողության տակ է եղել։ Հարազատները մեղադրել էին նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։

Եվրոպական դատարանն այս մասով արձանագրել է, որ դպրոցական մահվան պատճառ դարձած միջադեպի հանգամանքների նախաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով են ընթացել։

«Վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումն ու քրեական գործի հարուցումը ժամանակին չեն կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատշաճ հետաքննության համար։




Լրահոս