Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 2-րդ մասի 5-րդ կետով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2021 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի։

Փայտանյութի տեղափոխման օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ժամանակ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խանգարել են փայտանյութով բեռնված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս