Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի համար անհասկանալի է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո ինչու է Ադրբեջանը շարունակում նույն՝ «միջանցքային» հռետորաբանությամբ հայատարարություններ տարածել: Հայրապետյանի հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կարդալ ու վերլուծել եռակողմ հանդիպման տողատակերը:
-Ալիեւը ադրբեջանցիներին, կարծես թե, շնորհավորում էր, որ վերջապես պայմանավորվածություն ձեռք բերվեց, եւ նրանք կստանան այդ բաղձալի միջանցքը: Սա քարոզչությո՞ւն է, թե՞ իրականությանը մոտ խոսակցություն:
-Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ, մի կողմից, դա կարող է լինել քարոզչական հնարք, բայց, մյուս կողմից էլ, ինձ համար մտահոգիչ զարգացումներ կան: Աշխարհաքաղաքական առումով եթե հետեւենք, վերջին շրջանում՝ Իրան-Ադրբեջան լարվածությունից հետո, ադրբեջանական, ինչպես նաեւ թուրքական կողմը հսկայական ակտիվ աշխատանք է տարել: Չգիտեմ՝ դրան հակակշիռ մենք ինչ աշխատանք ենք տարել, բայց իրենց աշխատանքն առնվազն այցերի եւ դրանց հիման վրա հրապարակվող մամլո հաղորդագրությունների վրա ակնհայտ էր: Աշխաբադում Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպման ժամանակ, իրենց դիտարկմամբ, բավականին ջերմ մթնոլորտ է եղել: Խոսվում է նաեւ Իրանի տարածքով դեպի Ադրբեջան նոր ծավալների արտահանման մասին: Այսինքն՝ ձեռք են բերվում կարեւոր գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք կարող են իսկապես, ցավոք սրտի, իրավիճակ փոխել: Գիտենք, որ «միջանցք» ասվածի համար ամենախիստ դիրքորոշումը աշխարհաքաղաքական տեսանկյունից հայտնել էր իրանական կողմը:
-Չե՞ք բացառում, որ Իրանին փորձում են համոզել, որ միջանցքը իրենց համար սպառնալիք չի լինի:
-Ես կարող եմ ասել հետեւյալը. Իրանի հետ ինտենսիվորեն աշխատում են, որպեսզի Իրանի դիրքորոշումը փոխվի:
-Ի՞նչ եք կարծում, դրա փոխարեն ի՞նչ են խոստանում Իրանին: Օրինակ՝ տեսակետ կա, որ Թուրքիան, Ադրբեջանը կամ խոշոր այլ պետություններ, ինչու ոչ, Ամերիկան Իրանին կարող են համոզել, ասել՝ Սյունիքից ձեռքերը լվա, հարմարվի Զանգեզուրի միջանցքի հետ, փոխարենը Սիրիայում կամ Լիբիայում ինչ-որ մի տարածք կստանա, ու իր հարցը կլուծվի:
-Ինձ թվում է՝ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է: Բավականին խոշոր, լայնամասշտաբ խաղ է գնում տարածաշրջանում: Կարող եմ ասել՝ առեւտուր է գնում տարբեր շահերի շուրջ: Ցավոք սրտի, Հայաստանը ոչ միայն դուրս է, այլ նաեւ չի կարողանում իր ամենապարզ շահերը պաշտպանել այս իրավիճակում: Այստեղ շատ համառ դիվանագիտական աշխատանքի կարիք կա: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը քանի օր է, համառորեն աշխատում է իրանական կողմի հետ: Իմ համոզմամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդ թիրախը, այսպես, թե այնպես, լինելու է Իրանը, եւ վերջնահաշվարկում նաեւ փորձելու են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Այստեղ խնդիրն այն է, թե կարճաժամկետ առումով կողմերը, իրենց հնարավորությունները հաշվի առնելով, ինչ քայլերի են գնում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 70 հազար 551 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 38 հազար 135 դրամ` ամսական կտրվածքով: Այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով:
ArmLur.am-ը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 38 հազար 135 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք:
Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18.6 գրամ՝ ձուն, 145 գրամ՝ կարտոֆիլը, 203 գրամ՝ բանջարեղենը, եւ այլն:
Օրինակ՝ տավարի մսի 100 գրամի գինը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հասնում է 400 դրամի, ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն մինչեւ 140 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 150 դրամի սահմաններում: Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը:
Եթե սրան գումարենք կոմունալ վճարները, հագուստը, կոշիկը եւ, ամենակարեւորը, դեղորայքը, ապա գումար չի մնում: Ձմռան ամիսներն էլ մոտենում են, եւ շուտով կլսենք ամսական 50 հազար դրամի հասնող կոմունալ վարձերի մասին:
Բայց, սրան զուգահեռ, արձանագրենք, որ Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ, իսկ Մեծ Բրիտանիայում սպառողական զամբյուղում ներառված են տան վերանորոգման կամ այգեգործության համար պիտանի իրեր: Ավելին՝ եվրոպական երկրներում սպառողական զամբյուղում ընդգրկել են նաեւ թատրոնի եւ կինոյի տոմսեր, գրքեր, լողավազանների եւ ֆիթնես ակումբների այցեքարտեր:
Ս.Հ.
ՉԵՆ ԱՅՑԵԼԵԼ
Կարմիր խաչ միջազգային կոմիտեից դեռեւս չեն այցելել Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով գերեւարված մեր հայրենակիցներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս պահին շարունակվում է երկխոսությունը, այլ տեղեկություններ դեռեւս չկան: Հարցին՝ արդյոք հստակ վիճակագրական տեղեկություններ ունեն նոյեմբերի 16-ին գերեւարված զինծառայողների վերաբերյալ, մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին որեւէ հստակ վիճակագրական տվյալներ չի կարող տրամադրել, նման բոլոր հարցերը գտնվում են մեր եւ համապատասխան իշխանությունների կոնսիդենցալ երկխոսության շրջանակում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։ Իսկ, ահա, նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական ագրեսիային, ասաց, որ այդ օրվա դեպքերով ունենք 6 հաստատված զոհ, ինչպես նաեւ 24 գումարած 8 գերեվարված, որոնց տվյալները պետք է վերջնական ճշտվեն։
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված, մինչեւ 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարել: Ծառայության ժամկետը կսահմանվի 2 տարի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչեւ 70 բժիշկ-մասնագետ: Տեղեկացնենք, որ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ է շրջանառության մեջ դրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին» որոշման այս նախագիծը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշման այս նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման եւ կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը, իսկ 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ կզորացրվեն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկել է ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը սահմանային հաղորդակցության ուղիներում: