ԱԼԻԵՎԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։ «Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։ Ալիեւը նաեւ գործընկերների հետ կիսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերով, պատմել վերակառուցման աշխատանքների մասին։

 

Նա նշել է, որ այդ նպատակի համար պետական բյուջեից շուրջ 1,3 մլրդ դոլար է հատկացվել, եւ նախատեսում են հաջորդ տարի էլ նույն ծավալով շարունակել այդ նախագծերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին է ընդգծել տարածաշրջանային ենթակառուցվածքների ընդլայնման կարեւորությունը՝ հայտարարելով, թե հաջողությամբ շարունակվում է ժամանակակից Մետաքսի ճանապարհի վերածնունդը։ «Այս առումով Թուրքիայի առաջնորդությամբ կյանքի կոչված Կասպից ծովով անցնող Արեւելք-Արեւմուտք միջանցքի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն այս ուղղությամբ մեր ջանքերի լավագույն դրսեւորումն է, մեր երկիրը տարածաշրջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը եւս ակներեւ է», – ասել է Էրդողանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով տրանսպորտային միջանցքների զարգացման կարեւորությանը։ Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ անցած տարվա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար դռներ են բացվել։ Նա նշել է, որ Թուրքիան, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, սատարում են Ադրբեջանին այս գործընթացում։ Ադրբեջանին աջակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների պատրաստակամությունն ամրագրվել է 15-րդ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ։ Գագաթնաժողովի շրջանակներում կայացել են նաեւ Իրանի եւ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումները։ Թայիփ Էրդողան-Էբրահիմ Ռաիսի հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում Թուրքիայի եւ Իրանի միջեւ համագործակցության զարգացման կարեւորությունը, շեշտվել է փոխգործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպող Իլհամ Ալիեւն ու Էբրահիմ Ռաիսին զրույցի ընթացքում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում համագործակցության տեսլականը։ Ալիեւը նշել է, որ հաղորդակցության այդ գծից կօգտվի նաեւ Իրանը։ Վերջին շրջանում Բաքվի եւ Թեհրանի միջեւ ծագած անհամաձայնություններից եւ դիվանագիտական ճգնաժամից հետո երկու առաջնորդներն ընդգծել են՝ իրենց խնդիրները պետք է ինքնուրույն լուծեն։ Ալիեւը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջեւ համագործակցությունն է՛լ ավելի կխորանա՝ Աշգաբատում Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ կնքված գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագրի շնորհիվ։

Ն. Պ.

 

 

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Ալյումինե լարով հարվածել է մեջքին, հրել գցել  են. վիճաբանություն՝ սալոր հավաքելու շուրջ: Մեզ հայտնի դարձավ, որ Ոսկեհատ Ճշմարիտյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի 153-րդ հասցեի իր առանձնատանը կից հողամասի եւ անմիջական հարեւանությամբ բնակվող Սուսաննա Բաղդասարյանի հողամասի ցանկապատի մոտ աճած սալորի ծառի ճյուղերից, որի մի քանի ճյուղերը անցել են իր հողամասի տարածք, Սուսաննա Բաղդասարյանի կողմից սալոր հավաքելու հետ կապված, կենցաղային հողի վրա վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Սուսաննա Բաղդասարյանի ձեռքից վերցնելով ալյումինե լարը՝ երեք անգամ դիտավորությամբ հարվածել է նրա մեջքի հատվածին, այնուհետեւ 1 անգամ հրել գցել դեմքի շրջանով գետնին եւ մեկ անգամ ցանկապատի վրայից վերցրել է քարի կտոր ու շպրտել վերջինիս դեմքի շրջանին՝ նրան պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ կզակի շրջանի ձախ կեսի, ձախ այտի, աջ բազկի ստորին երրորդականի, աջ բազկի վերին երրորդականի, աջ նստատեղի շրջանների արյունազեղումների տեսքով մարմնական վնասվածքներ:

 

 

 

ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Նախարար Անահիտ Ավանեսյանը որեւէ արտառոց բան չի տեսնում Սյունիքի ու Տավուշի մարզեր սանավիացիայի ուղղաթիռով այցելելու մեջ: ArmLur.am-ի հետ հարցին, թե ինչով է բացատրվում ՀՀ մարզեր ուղղաթիռով այցելությունը, երբ այն պետբյուջեի վրա, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 2 մլն դրամ է արժեցել, արձագանքեց՝ հրատապությունից ելնելով է այդպես արվել: Հարկ է նշել, սակայն, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել: Նա մասնագիտությամբ բժիշկ չէ եւ, հետեւաբար, հրատապ որեւէ տեղ հասնելու եւ կյանքեր փրկելու խնդիր չի ունեցել: Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարը ընդամենը ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել սանավիացիայի օդանավից օգտվելու համար եւ այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նույն սցենարը Հայաստանի պարագայում, իհարկե, չի գործի, քանզի իշխանությունը կադրային լուրջ խնդիր ունի, նախարարն էլ դրա մեջ արտառոց ոչինչ չի տեսնում:

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: Այս մասին ասել է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկեն Վերաքննիչ դատարան: Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

 

 

ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ

«Համոզված եղեք, որ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլեւս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը գերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը»,- ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձի ընթացքում ասել է  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ Ըստ նրա՝ չպետք է աչքաթող անել այն ամենը, ինչը Հայաստանը ձեռք է բերել անկախությունից ի վեր։ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի ձեւակերպմամբ՝ տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, նման հարցերի լուծումը պահանջում է համբերություն ու ժամանակ: «Հաջող դիվանագիտական լուծումներ, հեռանկարներ, անշուշտ, կան, ու Եվրոպական միությունը կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն վերակառուցման ու հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի՝ արդեն իսկ կրած հսկայական կորուստները»,-շեշտել է նա։

 

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՃ

«Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձեւով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարեւորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։ Այսպիսի պատկերացումների պայմաններում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։ Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում, անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։ Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա։ Դեռ պետք է հասկանալ՝ իսկ արդյոք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»,- գրել է Աբրահամյանը։

 




Լրահոս