Ի՞ՆՉ Է ՊԱՏՄԵԼ ԴԻՐՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ մանրամասներ՝ նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասից գերեվարված զինծառայողների մասով հարուցված քրեական գործից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի պաշտպանության շրջանի պատասխանատուին կալանավորել են այն բանի համար, որ նա, տեսնելով հակառակորդի մոտենալը, մի քանի հոգու հետ փախել է  դիրքից, իսկ, ահա, 13 զինծառայողների թողել է դիրքում, որոնք էլ հակառակորդի կողմից գերեվարվել են: Իսկ ի՞նչ է պատմել իրավապահներին ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի պաշտպանության շրջանի պատասխանատու Գ.Գ.-ն: Նա  ցուցմունք է տվել, որ կորպուսի հրամանատարը իրենց ասել  է՝ եթե տեսնեք հակառակորդը մոտենում  է եւ անցնում է մեր սահմանը, այդ ժամանակ նոր անմիջապես գործողության կդիմեք:

 

Արդյունքում  իրավապահները հարցաքննության են հրավիրում ՀՀ ՊՆ N զորամասի կորպուսի հրամանատարին, որն էլ ցուցմունք է տվել, թե բոլոր պահպանության կետերում հստակ ասվել է՝ եթե նկատեն շարժ, անմիջապես գործողություն իրականացնեն:   Հարցաքնություններից հետո իրավապահները եկել են եզրակացության, որ կորպուսի հրամանատարի խոսքերում ու գործողություններում հանցակազմ չկա եւ նրան չեն ձերբակալել, մինչդեռ դիրքի պատասխանատուների քայլերում հանցակազ կա, եւ երկու անձ կալանավորվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում պարզվել է, որ Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու եւ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, իսկ Ս.Մ.-ն, նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, գերեվարված 13 զինծառայողներից Տ.Ս.-ի եւ Ա.Գ.-ի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին եւ 19-ին փոխանցվել են հայկական կողմին, դիրքում մնացած 11 զինծառայողների գտնվելու վայրը մինչեւ օրս անհայտ է։

2021թ. նոյեմբերի 22-ին եւ 23-ին, Գ.Գ.-ն եւ Ս.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են։ Նոյեմբերի 24-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՆԵՐԽՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍՈՎ

Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարում 2020 թվականին կառավարության շենք ներխուժած անձանց մասով:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ անձինք եւ իրենց բողոքն էին արտահայտում: Հավաքված ամբոխի մեջ էր եղել նաեւ Ռաֆայել Մխիթարյանը, որին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել ռազմամթերք, բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:

Արթուր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել ռազմամթերք, բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է հնչեցրել: Սերգեյ Հովսեփի Թաթմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին մասնակցել է Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ կատարել է գույքի բացահայտ հափշտակություն:

Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ Ռաֆայել Մխիթարյանը որեւէ կուսակցության աջակից չէ, այլ այդ քայլին դիմել է՝ հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձություններով մտահոգված լինելով, քանի որ նա 44-օրյա պատերազմի մասնակից է եղել:

 

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Հիշեցնենք՝ Կարեն Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազներից է։

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից։ Փրկարարները կամրջի տակից հայտնաբերել են Հ. Ա.-ի (ծնված 2005 թ.) դին։ Ըստ ականատեսների՝ տղան դեպքի պահին եղել է միայնակ, ու ինքն է իրեն նետել կամրջից: Այդ օրը տղան դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել: «Տղայի մոտ գրություն կամ հուշող որեւէ բան չէր հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ եւս կասկածելի բան չի եղել: Իրավապահների հետ զրույցում պատանու ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետեւանքով կարող էր նա գնալ այդպիսի քայլի:

Ասում են՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով եւ հեռախոսով։ Դեպքի նախորդ օրը նա ծնողների, հարազատների հետ իր տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել: «Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաեւ իրենից փոքր մեկ եղբայր»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ երեխան միգուցե ինքնասպանության է գնացել «Սինիյ կիտ» խաղի պատճառով: Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ երեխաները գնում են այդ քայլին: 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ՝ պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ երեխայի ինքնասպանության գնալու հանգամանքը պայմանավորված է եղել այն բանով, որ ծնողները արգելել են նրան այդքան հեռախոսով զբաղվել, ինչն էլ երեխային դրդել է գնալ այդ քայլին:

Մյուս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին: Մի քանի օր անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ն.-ի դին հայտնաբերվեց Հրազդանի կիրճում՝ ծառից կախված վիճակում:

Ըստ լուրերի՝ երեխան, իբր, այդ քայլին գնացել էր հեռախոսային խաղի հետեւանքով, սակայն նկատենք, որ մինչ օրս դեռես քննությամբ չի հիմնավորվել այդ վարկածը, եւ երեխայի ինքնասպանության դեպքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս