Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդեն օրենքի նախագիծ է ներկայացվել Ազգային Ժողով, որպեսզի Վճռաբեկ դատարանում առանձին վարչական պալատ ստեղծվի: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահ է ցանկանում դառնալ նաեւ Ռուզան Հակոբյանը: Հայտնի է, որ այս տարի Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա՝ ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Արդյունքում հարցն արդեն ընգրկված էր ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում, որից հետո Վճռաբեկի դատավոր ընտրվեց իշխանության «սրտի դատավոր» Հովսեփ Բեդեւյանը, եւ հիմա էլ ամեն ինչ անում են՝ նրան նշանակեն Վճռաբեկ դատարանի նոր ստեղծվելիք վարչական պալատի նախագահ: Ի դեպ, նա ընկալելի թեկնածու է կարծես խորհրդարանում, քանի որ միայն իշխող ուժի պատգամավորների ձայներով չէր, որ ընտրվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս