Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։ ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել, խոսք է գնում Իտալիայի, սկանդինավյան երկրների, անգամ Լիտվայի մասին։ Թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, եւ դեսպանից դժգոհություններ կան։

Ի տարբերություն նախկին նշանակումների, Իգիթյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի՝ նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր։ Մինչդեռ վերջին փուլում նշանակված դեսպանները հիմնականում քաղաքական դեմքեր են, որոնց անգամ քաղաքական անվանելն է մեղք։

Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։ Իսկ մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ կոտրելու է նախկին կարծրատիպերը, հրաժարվելու է արատավոր երեւույթներից, երբ դիվանագիտական կրթություն չունեցողները նշանակվում են դեսպանի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս