ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պարտք ենք զինվորին. վարձով ապրող զինծառայողների խնդիրը կլուծվի.Թագուհի Թովմասյանը նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա մարտի 4-ին Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ նիստերի դահլիճից բարձրաձայնեց.« Զինծառայողներին փոխանակ շնորհակալություն հայտնենք՝ 44 օր անհավասար պայքարում մարտնչելու եւ ողջ մնալու, մեր մնացած հայրենիքը պաշտպանելու համար, խարդախության հոդվածով մեղադրում ենք շատերին»:

Ի՞նչ խնդիր է առաջացել:

Այն զինծառայողները, ովքեր իրենց բնակավայրից 30 կմ հեռու են ծառայում եւ չունեն բնակարան ծառայության վայրում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված ձեւով ստանում են վարձով բնակարանի համար փոխհատուցում՝ ըստ ընտանիքի անդամների քանակի: Քանի որ շատ մարդիկ չեն ցանկանում պայմանագրա-իրավական հարաբերություններ հաստատել եւ բնակարանը վարձով են տալիս՝ հրաժարվելով պայմանագրեր կնքել, շատ դեպքերում զինծառայողները ապրում են մի բնակարանում, բայց այլ բնակարանի մասով են պայմանագիր ներկայացնում՝ պետությանը վճարելով հարկ ու տուրքերը: Բացի այդ, տարեկան մեկ անգամ Կադաստրի կոմիտեից տեղեկանք են ներկայացնում եւ այլ պահանջվող փաստաթղթեր, որպեսզի օգտվեն օրենքով իրենց հասանելիք գումարից: Եւ ահա պատերազմից հետո բանակի ղեկավարությունը նոր հրահանգ է տվել՝ ստուգել վարձով ապրող զինծառայողների գործերը, եւ շատ շատերին խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել, պարտադրում են պետությանը վերադարձնել ինչ-որ գումարներ: Ինչո՞ւ, հարգելինե՛րս. զինծառայողները օգտվում են օրենքով իրենց հասանելիք գումարներից. Ինչո՞ւ եք մարդկանց հանցագործ որակում:

Ի վերջո մարդը կարող է տուն չունենալ ծառայության վայրում, ոչ էլ վարձել որեւէ բնակարան, այլ ամեն օր 50 կամ 60 կմ ճանապարհը գնա իր տուն, գա՝ ծառայության: Ինչո՞ւ եք մարդկանց դատապարտում՝ իրենց հասանելիք գումարից օգտվելու իրավունքը իրացնելու համար: Ի վերջո չմոռանանք՝ եվրոպական շատ երկրներում մարդիկ սեփական ծնողներին իրենց տանը պահելու համար պետությունից բնակարանի վարձի գումար են ստանում: Ուրեմն ի՞նչ, բոլորին դատապարտե՞ն:

Ես այս առիթով խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորը, առանց բացառության, պնդում են, որ զինծառայողներին այդ մեղադրանքները չպետք է առաջադրվեն: Պետք է բոլոր գործերը կարճվեն, եւ ՀՀ պաշտպանության նախարարը պետք է հրաժարվի տրված այդ անհեթեթ հրահանգից եւ պահանջվող հետգանձումներից:

Երեկ փորձեցի հարցի լուծման մասով հրապարակավ խոստում ստանալ ՀՀ կառավարությունից, բայց չստացվեց: ՀՀ պաշտպանության նախարարը առանց ԱԺ-ին զգուշացնելու բացակա էր: ԱԺ նախագահն ասաց, թե գնացել է հայրենիքի սահմանները պաշտպանելու, առաջարկվեց գրավոր ուղարկել հարցս: Արվել է: Բայց հարցի լուծումը խիստ հրատապ է եւ արդիական:Արդյունքում, ՀՀ Աժ մարդու իրավունքների եւ պաշտպանության հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ՀՀ իրավասու մարմինների հետ կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Զինվորական ծառայության եւ Զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մսին օրենքի նախագծի վերաբերյալ, որի ավարտից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:




Լրահոս