ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թագուհի Թովմասյանի հարցապնդումներից հետո Փաշինյանը դատախազին հանձնարարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ դեռ ոչ, քանի որ առողջապահության նախարարության ու վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա:

Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հնչեցրել:

Նախարարի՝ թե՛ այսօր Փաշինյանին, թե՚ ամիսներ առաջ Թովմասյանին տված պատասխանը իրարից բացառապես ոչնչով չէր տարբերվում: Ավանեսյանի փոխանցմամբ՝ պատկան մարմինները դեռ քննություն են տանում:

Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, հղում է անում հենց այն թվերին ու վիճակագրությանը, որոնք պատգամավոր Թովմասյանն էր ներկայացնում: Ծառայողական քննության ավարտից հետո, վարչապետի հանձնարարությամբ, հարցը նաև գլխավոր դատախազությունում կքննվի:

Covid-ից մահվան իրական թվերի վիճակագրության մասին ArmLur.am-ը նույնպես օրերս՝ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ Ավանեսյանին հարց էր ուղղել: Նրա՝ մեզ տված պատասխանը նորից նույնն էր, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները, իսկ արդյունքների մասին հրապարակում կլինի:

Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերևս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն արդեն ամիսներ շարունակ որևէ մեկի համար տեսանելի չէ։ Ի՞նչ է ստացվում՝ փաստորեն մինչ օրս մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականությանը չի համապատասխանում, ու հարցն արդեն անգամ վարչապետ Փաշինյանին է անհանգստացնում:

Սևակ Վարդումյան




Լրահոս