ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանից Հայաստան ժամանող քաղաքացիների համար մուտքի նոր կարգն ուժի մեջ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի մուտքի նոր կանոններն ուժի մեջ են մտել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի որոշման մեջ կատարված փոփոխություններով ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ: Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին մեկ դեղաչափով է ներարկված, ապա պետք է ներկայացնի երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ:

Ի դեպ, բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:
Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով՝ բացառապես ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որեւէ մեկը չներկայացնելու դեպքում:

ՀՀ քաղաքացիները, Հայաստանում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանում ապաստան ստացած եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում, ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում եւ պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Եւս մեկ կարեւոր կետ՝ ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։ Ի դեպ, տեղեկացնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում կարանտինը սահմանված է 2022 թվականի հունիսի 20-ը։
Նշենք, որ պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները: Իսկ զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` պատվաստումն իրականացրած բժշկական հաստատության կոնտակտային տվյալները եւ կազմակերպության անվանումը պարունակող ձեւաթղթով՝ նշելով. Հետազոտված, պատվաստված անձի անունը եւ ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը, կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը: Իսկ եվրոպական միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին եւ երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը:

Ս.Հ.




Լրահոս