Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Օրջոնիկիձեի փողոցից «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա են փախցրել։
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահներն արձանագրել էին` երբ ու որտեղից էր կատարվել գողությունը։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ մեքենան գողացել է Հաղարծին գյուղի 25-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Դիլիջանի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ նա գողոնը թաքցրել էր Թեղուտի հանդամասում՝ խոտի դեզի տակ:
Նշված վայրում մեքենան հայտնաբերվեց։
Հոկտեմբերի 10-ին էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Կալինինի փողոցում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան կողպեքը, գողացել հագուստեղեն ու կոշիկներ:
Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ գողությունը երկու ընկերների հետ արել էր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան փախցրած 25-ամա երիտասարդը։
Հիշյալ անձինք կալանավորվել են։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։